07/07/2015 11:34
ԱԺ ներկայացուցիչը խայտառակվեց ՍԴ-ում
Պատասխանող կողմը՝ ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը հենց սկզբում առաջարկեց հետաձգել լսումը, քանի որ նախապես հայտարարվել էր, որ դատն անցկացվելու է գրավոր հիմքով: Ասել է թե՝ չի պատրաստվել: Սակայն առաջարկը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից զարմանքով ընդունվեց.
«Ես չգիտեմ հարցերի բովանդակությունը և խորհուրդ կտամ լսել, գուցե դրանց պատասխանելու համար պետք չէ պատրաստվել»,- ասաց նա:
Բայց հարցը , փաստորեն, այնպիսին էր, որ ԱԺ ներկայացուցիչը չկարողացավ պատասխանել.
«Դուք նշել եք, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում հարցի չքննարկումները պայմանավորված են ԱԺ արտահերթ նիստ գումարելու պահանջով, սակայն կարո՞ղ եք վկայակոչել իրավական մի ակտ, որի հիման վրա նման պատասխան եք ներկայացրել»,- հետաքրքրվեց ՍԴ դատավոր Կիմ Բալայանը նրանից: Հ.Սարգսյանն արձագանքեց՝ չեմ կարող պատասխանել:
Կ.Բալայանը շարունակեց՝ եթե ժամանակ տրամադրվի, կկարողանա՞ պատասխանել: ԱԺ ներկայացուցիչը մնաց անկոտրում.
«Չեմ կարող, չեմ պատրաստվել»,- եղավ ԱԺ ներկայացուցչի պատասխանը: Ինչից հետո Գ.Հարությունյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու համար:
Նշենք, որ նիստին մասնակցում են ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Հայկ Խաչատրյանը, ինչպես նաև Էդմոն Մարուքյանը: