25/07/2015 09:52
Վ. Խաչատրյան. Որոշումը ցույց է տալիս, որ կա որոշակի տրամադրվածություն դեպի ՓՄՁ
«Վարչապետի որոշումը միանշանակ ողջունելի է: Իմ կարծիքով, սա ցույց է տալիս, որ կա որոշակի տրամադրվածություն դեպի ՓՄՁ »,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախօրեին տրված հանձնարարականին, համաձայն որի՝ մինչև տարեվերջ տեսչական ստուգումները տնտեսվարող սուբյեկտներում դադարեցվում են:
Նրա խոսքով, ցանկացած ստուգում ծախսատար է և սթրեսային փոքր ու միջին ձեռնարկության համար, քանի որ անգամ եթե ստուգումների արդյունքում թերություն է հայտնաբերվում, ինչը միտված է առողջացնելու բիզնեսը, այդուհանդերձ ձեռնարկությունը տուժում է այդ ընթացքում: Եվ եթե, ըստ Վ.Խաչատրյանի, հանձնարարությունը իրականություն դառնա ու լինի որոշակի ժամանակահատվածում, ապա հատկապես փոքր և միջին բիզնեսը հնարավորություն կունենա վերականգնելու այս տարվա առաջին վեց-յոթ ամիսների ընթացքում կորցրած միջոցները: Ի վերջո՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՓՄՁ-ն այնքան էլ լավ վիճակում չի գտնվում.
«Օրինակ, ուղղակի քայլելով տոնավաճառով կարող ես տեսնել, թե քանի վաճառակետ է փակվում կամ փակվել: Սա խոսուն ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ առևտրի կետերը, ներքին առևտրաշրջանառությունը նվազել է: Եվ այս իմաստով վարչապետի որոշումը հատկապես փոքր և միջին ձեռնարկատերերի համար շատ ձեռնտու կլինի, արտադրական օբյեկտներին՝ ևս»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է վարչապետի լավատեսությանը՝ տնտեսական աճ ապահովելու առումով, Վ.Խաչատրյանը նշեց, որ գոյություն ունի «խոսքի միջամտություն» երևույթ, այն է՝ եթե մեկին ամեն օր ասես, որ գործերը վատ է, իր վիճակը վատ է, ապա ամեն ինչ իսկապես վատ կլինի: Մինչդեռ մարդուն պետք է սթրեսից հանել: Նույնը նաև ճգնաժամի մեջ գտնվող բիզնեսի դեպքում՝ բիզնեսը պետք է սթրեսահան անել լավատեսական հիմքերով, որպեսզի հնարավոր լինի առաջ ընթանալ.
«Այդ տեսանկյունից վարչապետի քաղաքականությունը պետք է լինի հենց այդպիսին, անկախ նրանից, թե օբյեկտիվ իրականությունը ինչ միջակայքում է»,- ասաց նա:
Հղում անելով ֆինանսների նախարարի վերջին կանխատեսումներին, թե տնտեսական աճը տարեվերջին կկազմի 1 տոկոս, տնտեսագետը նկատեց, որ տարվա սկզբին ինքն ավելի վատ կանխատեսում էր արել՝ 0-ից մինչ -3 տոկոս միջակայքում.
«Անյախ նրանից, թե քանի տոկոս էին կանխատեսում, այսօր տեսանելի է, որ պետական կառավարման մարմինների ղեկավարները մոտեցել են օբյեկտիվության մակարդակին՝ տնտեսական օբյեկտիվ ցուցանիշները ստիպեցին հասկանալ, որտնտեսական աճի տոկոսը շատ բարձր չի լինելու»,- նկատեց նա՝ հավելելով, որ այդուհանդերձ լավատեսություն կա, «տեսնենք ինչ կլինի»: