28/07/2015 16:27
Ա. Ախոյան. Նախագահի հետ հանդիպել ենք, բայց մնացածն աբսուրդ ու հերյուրանք է
«Ոչ մի նմանատիպ բան չի եղել: Աբսուրդ է մեր նման մարդկանց, այն էլ ում հետ՝ հանրապետության նախագահի հետ նման հարցեր քննարկելու և ինչ-որ բան պայմանավորվելու վերաբերյալ այդ հերյուրանքը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը՝ անդրադառնալով մամուլում առկա տեղեկատվությանը:
Նշենք, որ ըստ մամուլի՝ ԲՀԿ նախկին վեց անդամներ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընդունելության են արժանացել , որի ժամանակ նախագահին առաջարկել են նախկին ԲՀԿ-ականներից և էլի մի քանի անկախ պատգամավորների մասնակցությամբ ստեղծել պատգամավորական խումբ, որը խորհրդարանի առաջիկա 1.5 տարվա գործունեության ընթացքում կաջակցի ՀՀԿ-ին: Իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց հնարավորություն կտրվի ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակի մեջ և աշխատել ՀՀԿ-ի համար:
Պատգամավորը նշեց նաև, որ ապշած է նման ճղճիմ վերլուծական ֆանտազիայի վրա և նման դեպքերում այդպիսի ֆանտազիա դրսևորած լրագրողներին նմանացնում է այն գազաններին, որ ձմռանը սովից դրդված իջնում մտնում եմ մարդկանց մարաքները.
«Ես խղճում եմ նման ֆանտազիա ունեցող մարդկանց»ը:
Հարցին՝ այսինքն պատգամավորները չե՞ն հանդիպել հանրապետության նախագահին, պատգամավոր Ախոյանն արձագանքեց, թե եղել է, նրանք իսկապես հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ.
«Հանդիպում եղել է, ոչ ոք չի թաքցնում դա: Բայց նմանատիպ խոսակցություններ տեղի չեն ունեցել»:
Նախկին ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, իսկ իրենք ԱԺ պատգամավորներ են և եթե որևէ քաղաքական ուժի այս պահին չեն հարում, ապա չէին կարող լուսանցքից դուրս մնալ.
«Մենք էլ մեր կարծիքն էինք ուզում հայտնել: Ի վերջո, եթե նախագահի հետ հանդիպում են քաղաքական բոլոր ուժերը, այդ թվում նաև այն ընդդիմադիրները, որոնք նախագահի հետ, իբրև թե, ոչ մի հանդիպում կամ երկխոսություն չպիտի ունենան, ինչ է՝ նրանց համար ադաթ է, մեզ համար բեդա՞թ: Այնպես որ թող այս ճղճիմ շահարկումները պահեն իրենց»,- ասաց նա ու հավելեց, որ եթե այդքան սեր ունեն ֆանտաստիկայի ժանրի հետ, ապա թող իրենց նվիրեն գրականությանը:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակման՝ նախագահի հետ հանդիպել են ու նման առաջարկով են հանդես եկել Մարտուն Գրիգորյանը, Ռուստամ Գասպարյանը, Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մուշեղ Պետոյանը և Դավիթ Քոչարյանը: