28/07/2015 11:02
Արագաչափերի բիզնես. Պետական ռեկետ կամ՝ ինչպե՞ս են խաբում վարորդներին
Բոլորովին վերջերս Երևանի Եղվարդի խճուղու արագաչափերից մեկը, որը տեղակայված է «Արմենիա» հեռուստաընկերության դիմաց, փոփոխության ենթարկվեց՝ այսուհետ այստեղ թույլատրված արագությունը 40 կմ/ժ է: Բայց կա մի բայց. Արագաչափի մասին ազդարարող ճանապարհային նշանի կողքին տեղադրված է ևս մեկ նշան, որից տեղեկանում ենք, որ այդ սահմանափակումը գործում է ՄԻԱՅՆ աշխատանքային օրերին ժամը 08:00-18:00-ն:
Սակայն պարզվեց, որ այդ նշանը կամ հենց այնպես է տեղադրված, կամ էլ տեղադրված է, բայց պետությունը հույս ունի, որ վարորդներն անուշադիր կլինեն:
Ճանապարհային ոստիկանությունից ստացել եմ վարչական տույժ նշանակելու մասին որոշում, որում նշված է, որ 02.07.2015թ-ին Երևան քաղաքում երթևեկել եմ 53 կմ/ժ արագությամբ, այսինքն՝ գերազանցել եմ այդ վայրում օրենքով թույլատրված արագությունը 3 կմ/ժ-ով:
Բայց խախտումն արձանագրել է հենց այն արագաչափը, որի գործողության ժամանակը սպառվում է աշխատանքային ժամերի ավարտին զուգահեռ, այսինքն՝ ժամը 18:00-ից հետո թույլատրված 40 կմ/ժ այլևս չի գործում: Ճանապարհային ոստիկանության թեժ գծից էլ նույնն ասացին՝ եթե կա տեղադրված ճանապարհային նշան, որը վերաբերում է աշխատանքային օրերին ու հստակ ֆիքսված են ժամերը, ապա խախտում որպես այդպիսին չի եղել:
Այդ դեպքում ինչո՞ւ է քաղաքացին ստանում խախտման մասին այդքան ատելի ծրարը: Պատկան մարմնի բացատրությունն այս իրավիճակում անշուշտ կլինի այն, թե տեխնիկական խոտան է տեղի ունեցել, մոտեցեք այսինչ վայրը, դիմում գրեք ու իրավախախտումը «կջրվի»: Բայց գուցե սա չոր հաշվա՞րկ է: Ի վերջո, ոչ բոլոր վարորդներն են ուշադիր կամ նույն ճանապարհով ամեն օր երթևեկում, որպեսզի նկատեն այդ նշանը և տեղեկացված լինեն իրենց իրավունքներից: Կան այնպիսիք, որ Երևանից չեն, կամ այդ ճանապարհով շատ չեն երթևեկում, ուղղակի ուշադիր չեն կամ կխնայեն նյարեդրն ու ավելորդ քաշքշուկի մեջ չընկնելու վախից՝ կվճարեն տուգանքը: