29/07/2015 19:21
Թուրքիայի նախաձեռնությունը ՆԱՏՕ-ում ձախողվեց
Նախօրենին Թուրքիայի նախաձեռնությամբ հրավիրված դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-ի խորհուրդն, ըստ էության, գրեթե ոչինչ չտվեց Անկարային: Համենայնդեպս, Թուրքիայի հույսերը, թե հյուսիս-ատլանտյան դաշինքը կընդունի որոշում, որը շատ մեծ երևակայության առկայության դեպքում կարելի կլինի ներկայացնել որպես Սիրիայի տարածք թուրքական զինված ուժերի ներխուժման մանդան, չարդարացան: ՆԱՏՕ-ն բավարարվեց թուրքական իշխանություններին «բարոյական աջակցություն» հայտնելով՝ չմանրամասնելով, թե այս աջակցությունն ուղված է «Իսլամական պետության» դեմ սկսված պայքարի՞ն, թե՞, այնուամենայնիվ, Քրդական աշխատավորական կուսակցության (PKK)-ի՝ Հյուսիսային Իրաքում տեղակայված դիրքերի ռմբակոծություններին:
Համարել սա անհաջողություն, կնշանակի գրեթե ոչինչ չասել: Թուրքական իշխանություններն առանց այդ էլ գործում են գրեթե էքստրեմալ պայմաններում, քանի որ խորհրդարանական մեծամասնության բացակայությունը թույլ չի տալիս կառավարություն ձևավորել, արտաքին ճակատում պարտությունները հաջորդում են մեկը մյուսին, իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք կարող են գոնե իշխող վերնախավի համար ողբալի հետևանքներ ունենալ:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն տեղեկությանը, համաձայն որի «Իսլամական պետության» սպանված զինյալներից մեկի մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, համաձայն որոնց վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիան իսլամիստներից հսկայական քանակությամբ նավթ է գնել՝ այդ կերպ, փաստորեն, ֆինասավորելով ահաբեկիչներին: Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա Թուրքիան հարկադրված կլինի ընդունել, որ անմիջական մասնակցություն է ունեցել «Իսլամական պետություն» կոչվածի կայացմանը և, փաստացի, հավասարաչափ պատասխանատու է Սիրիայի տարածում քրդական ջարդերի, իսկ Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպանության իրականացմանը:
Ասենք, Թուրքիան, որն ԻՊ-ի դեմ պատերզամը «շփոթել» է քրդական անջատողականության հետ պատերազմի հետ՝ նման կերպ զարմացնելով նույնիսկ իր դաշնակից ՆԱՏՕ-ականներին, անգամ բարոյական կամ իրավական պատասխանատվության ենթարկվելու մասին մտածելու ժամանակ չունի: Քրդերը, որոնց հետ հաստատված հրադադար կասեցնելու մասին հայտարարեց անձամբ Թուրքիայի նախագահ Էրդողանը, կրկին անցել են Թուրքիայի տարածքում պարտիզանական պատերազմի մարտավարությանը, ինչը կարող է հանգեցնել Թուրքիայում նաև ներքաղաքական իրավիճակի սրման: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է արդեն իսկ շրջանառության մեջ դրված այն տարբերակին, համաձայն որի թուրքական իշխանությունները կարող են արգելել վերջին խորհրդարանական ընտրություններում ընտրողների 13 տոկոսի ձայները ստացած քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության գործունեությունը: իսկ սա ոչ միայն կհանգեցնի խորհրդարանակ ճգնաժամը փակուղի մտցնելուն, այլև, անկասկած, կդառնա Թուրքիայում բնակվող քրդերի կողմից բողոքի զանգվածային ցույցերի պատճառ:
Ասենք, սա բավական լավատեսական կանխատեսում է, քանի որ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, կարելի է ենթադրել, որ բողոքի նշված ակցիաները շատ արագ կվերածվեն զինված ապստամբության: