27/08/2015 14:48
«Ժառանգությունը» չի ընդունելու Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը. Ա. Մարտիրոսյան
Այսօր կայացել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում որոշվել է չընդունել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: «Որոշում է կայացվել, որ «Ժառանգությունը» մերժելու է Սերժ Սարգսյանի հրավերը՝ հանդիպել ու քննարկել Սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցերը»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով համոզված է, որ «Ժառանգության» ներկայացրած ոչ մի առաջարկ չի ընդգրկեվ սահմանադրական բարեփոխումների նոր նախագծում։
«Ես կզանգահարեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարին և տեղյակ կպահեմ մեր որոշման մասին»,- հավելեց նա։
Իր խոսքում Մարտիրոսյանը նշեց նաև, որ Սահմանադրության այս տարբերակն իրենց համար ընդունելի չէ։ Եվ չնայած նրան, որ կուսակցությունն առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնում էր սահմանադրական բարեփոխումների մասին, սակայն կուսակցությունը՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, դեմ է սահամանադրության նախագծի այս տարբերակին:
Ի դեպ՝ քննարկումներին մասնակցել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: «Թեև նա ֆիզիկապես ներկա չի գտնվել, բայց կապի ժամանակակից միջոցներով քննարկումներին մասնակցել է»,- տեղեկացրեց Ա.Մարտիրոսյանը:
Հարցին՝ այդուհանդերձ ճիշտ չէր գնալն ու մտահոգություններն ու դեմ լինելու փաստարկները քննարկել երկրի ղեկավարի հետ, ի վերջո ՕԵԿ-ը ևս դեմ է, բայց երեկ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, «Ժառանգության» փոխնախագահն ասաց.
«Եթե մեր հանդիպումից հետո որոշակի առաջարկներ գոնե ընդունվեին, ապա այդ դեպքում իմաստ կլիներ այս անգամ էլ հանդիպելը՝ հետագա քննարկումներով մնացած առաջարկները կյանքի կոչելու համար: Բայց քանի որ նմանատիպ իրավիճակ չի եղել, այլ հակառակը՝ սահմանվել են ինքնիշխանությունը վատթարացնող դրույթներ, ուստիև այդ հնարավորությունը վարչությունը չցանկացավ քննարկել»:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք վարչության անդամները միաձա՞յն էին Բաղրամյան 26 չգնալու որոշման ընդունման հարցում, Ա.Մարտիրոսյանն արձագանքեց, որ չի ցանկանում մեկնաբանել քննարկման ընթացքը.
«Կարևորը ամբողջական ու վերջնական որոշումն է, որի շրջանակներում էլ պետք է գործենք»,- հավելեց նա:
Նշենք, որ ավելի վաղ Ա. Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այս տարբերակում կան կետեր, որոնք անընդունելի են: Խոսքը մասնավորապես վերաբերում է տարածքային ամբողջականության, վերպետական մարմինների միանալու դրույթներին, ինչպես նաև խորհրդարանական ընտությունների երկրորդ փուլի անցկացմանը:
Մարտիրոսյանը հայտարարել է նաև, որ շատ հավանական է, որ իրենք միանան «Ոչ»-ի քարոզարշավին: