31/08/2015 14:10
Արա Պապյան. Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հարցում գնալով նվազում է
Թուրքիայում շատ կարևոր էր քրդական կուսակցության խորհրդարան անցնելը, քանի որ քրդական շարժումը թևակոխում է նոր փուլ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար ստեղծված իրավիճակը բավական բարենպաստ է, քանի որ Թուրքիան ավելի ու ավելի է զկենտրոնանում իր ներքին խնդիրների վրա:
«Այսպիսով Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ղարաբաղյան հարցում, գնալով նվազում է»,- ասաց Արա Պապյանը՝ նկատելով նաև, որ Թուրքիայի հարաբերությունները գնալով վատանում են նաև Արևմուտքի հետ:
«Ակնհայտ է, որ օգտագործելով «Իսլամական պետության» դեմ պայքարը, թուրքերը փորձում են իրենց մանր շահն ունենալ մեծ խաղի մեջ, այսինքն՝ պայքարում են քրիստոնյաների դեմ, բայց առաջիկայում նոր ու ավելի հետաքրքիր զարգացումներ են սպասվում»,- ավելացրեց նա:
Անդրադառնալով առաջիկայում Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ նա նշեց, որ ազգայնամոլությունը Թուրքիայում կակտիվանա և այս ընթացքում ավելի շատ կլինեն հակահայկական հայտարարություններ:
«Մինչև նոյեմբեր հակահայկական և հակաքրիստոնեական ալիք կբարձրանա, բայց դա միայն գալիք ընտրություններով է պայմանավորված»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ըստ Պապյանի, և՛ Ադրբեջանի, և՛ Ալիևի վիճակը նախանձելի չեն: Նա ընդգծեց, որ Ադրբեջանում էլ ակնհայտորեն դժգոհությունը շատանում է:
«Ադրբեջանցիները շատ լավ հասկանում են՝ եթե պետք է ռազմական գործողություններ սկսեն, ապա դա պետք է իրականացնեն այս տարվա ընթացքում, բայց իրականում որևէ բան անել չեն կարողան»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
Նա նկատեց նաև, որ թուրք ժողովրդի մեջ Ադրբեջանի ու ադրբեջանցիների նկատմամբ սկսել է ձևավորվել բացասական վերաբերմունք:
«Թուրք հասարակությունը հասկանում է, որ այդ ժողովուրդը միայն էթնիկ ծագումով է իրենց մոտ, իսկ մնացած հարցերում խիստ տարբերվող է»,- եզրափակեց Արա Պապյանը: