31/08/2015 14:39
3 տարի առաջ այս օրն Ադրբեջանին արտահանձնվեց Սաֆարովը. Արդարացվեց անարդարությունը
Երեք տարի առաջ այս օրը՝ 2012 թվականին օգոստոսի 31-ին, Ադրբեջանը Հունգարիայից գնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին:
Բաքվում Սաֆարովին ոչ միայն չդատապարտեցին, այլև՝ հերոսացրեցին:
Aysor.am-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով Սաֆարովի արտահանձնմանը նկատեց, որ Հունգարիայի կողմից այդ քայլը սպասելի էր և այս առումով Հայաստանը կորցրել է իր բոլոր հնարավորությունները:
«Թեպետ արդեն հաստատվել է, որ Ադրբեջանի՝ Հունգարիայի հետ կնքված պայմանագիրը խոշոր գումարների հետ է կապված, բայց Հունգարիայի մասով Հայաստանը ոչինչ անել չի կարող: Մենք կորցրել ենք մեր բոլոր հնարավորությունները: Հունգարիան այն պետությունն է, որը մեծ գումարներով պատրաստ էր անել ամեն ինչ, այդ թվում՝ Սաֆարովին արտահանձնել Ադրբեջանին»,- ասաց իրավապաշտպանը:
Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ Սաֆարովի հերոսացումը թեպետ արդեն դատապարտվել է Եվրոպայի կողմից, բայց այստեղ նոր զարգացումներ այլևս չեն սպասվում:
Նրա խոսքով՝ իրականում ոչինչ էլ չի փոխվել ու չի փոխվի, քանի դեռ Ադրբեջանում շարունակվում է սաֆարովներին հերսացումն ու հակահայկական քաղաքականությունը:
«Ճիշտ է, մի փոքր ուշացումով, բայց Սաֆարովի վերաբերյալ Եվրոպան վերջապես համապատասխան հայտարարություն արեց: Միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ իրականում դա ոչ մի նշանակություն չունի Ադրբեջանի համար: Այդպիսի հայտարարություններն ու սաֆարովների հերոսացումն այդ պետության համար դարձել է սովորական մի երևույթ: Ընդհանուր առմամբ՝ միջազգային նորմերն ու միջազգային իրավունքը հիմնված է արդարության սկզբունքի վրա: Այսինքն՝ չի կարող արդարացվել մի բան, որն արդարացի չէ, իսկ այս դեպքում դա այդպես չէ. արդարացվեց անարդարությունը: Ընդ որում՝ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ արդարացնում ու հերոսացնում է հայի դեմ ոտնձգություններն ու բռնությունները»,- հիշեցրեց Լարիսա Ալավերդյանը:
Շարունակելով՝ նա ընդգծեց, որ Ադրբեջանն իր հակահայկական քաղաքականությամբ մարդասպաններին հերոսացրել է մինչև անգամ խորհրդային ժամանակաշրջանում:
Նա հիշեց, որ այդպիսի դեպքեր եղել են ինչպես Արցախում՝ մի շարք սպանությունների դեպքում, այնպես էլ Սումգայիթում՝ զանգվածային սպանությունների ժամանակ:
«Եվ այդ հերոսացումները լինում էին ոչ թե տարիներ անց, այլ հենց այդ օրերին՝ 1988 թվականի նոյեմբերին, երբ դատերից մեկը տեղի էր ունենում հենց Մոսկվայում: Այսինքն՝ մինչև Ռամիլ Սաֆարովն էլ, Ադրբեջանում բոլոր այն մարդիկ, ովքեր հայ էին սպանում՝ ինչ-որ կերպ խրախուսվում էին»,- նկատեց նա:
Իրավապշտպանի խոսքով՝ Ռամիլ Սաֆարովի դեպքն ուղղակի ամենամեծ հնչեղություն ստացածն էր ու ցնցեց շատերին.
«Հատկանշական է, որ Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվում այդ քաղաքականությունից, այլև դեռ մի բան էլ անամոթաբար ու լկտիաբար դատապարտում է բոլոր այն հայտարարությունները, որոնք դատապարտում են իր այս քայլերը: Փաստորեն, այսօր մենք գործ ունենք ոչ թե մեկի, այս դեպքում՝ Սաֆարովի, այլ հետևողական քաղաքականության հետ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի դատական գործին՝ իրավապաշտպանը նկատեց, որ դրա վերաբերյալ որևէ նորություն չկա.
«Մի քանի կազամակերպություններ արդեն դիմել են ՄԻԵԴ և այս պահին էլ գործն այնտեղ է: Ես չեմ կարծում, որ գործը փակուղում է, բայց, հիմք ընդունելով Ադրբեջանի այդ պահվածքն ու վարած քաղաքականությունը, անհիմն հայտարարությունները, որոնք իրականում դատարկություն են ու միմյանց հակասող են, Հայաստանը կարող է ու պետք է այս գործի ուղղությամբ քայլեր ձեռնարի: Մեր երկիրը պետք է վերջապես այն դարձնի քաղաքական օրակարգի մի մաս և բարձրացնի բոլոր արտյաններում, այդ թվում՝ԵԽ-ում, անգամ՝ ԵԱՀԿ-ում՝ պահանջելով արդարություն: Ես համոզված եմ՝ մինչ օրս դա չի արվել, բայց մի օր դա անպայման արվելու է»,- ամփոփեց Լարիսա Ալավերդյանը: