31/08/2013 16:00
Մեկ տարի առաջ այս օրն Ադրբեջանը Հունգարիայից գնեց Ռամիլ Սաֆարովին
Մեկ տարի առաջ այս օրը Հունգարիան ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան:
Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ բարձրացրեց նրա կոչումը լեյտենանտից մայորի, բնակարան նվիրեց, վարձատրեց ֆինանսապես ու ինչն ամենակարևորն է «մայոր» Սաֆարովի անվան դիմաց ավելացրեց «հերոս» բառը։
Հունգարական արդարադատության հեշտ ճոճվող հիմքերից չէ, որ այսօր ուզում ենք խոսել, ոչ էլ շատ սիրելի միջազգային հանրության արձագանքից կամ Ադրբեջանի սահմանադրության սահմանադրականությունից: Այլ հարց կա.
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ալիևը, մեղմ ասած այդքան էլ «դեմոկրատ կամ ժողովրդասեր» չէ: Գաղտնիք չէ որ Ալիևը դժվար թե զգալի գումարներ ներդներ Ադրբեջանի հասարակ, սովորական մի քաղաքացու արտահանձնումը կազմակերպելու համար: Սաֆարովի դեպքն այլ էր, նա պոտենցիալ «հերոսացու» էր: Իսկ հերոսների կարիք այսօրվա Ադրբեջանը շատ ունի:
Ամենապարզ օրինակը. Բազմաթիվ սոց.ցանցերում, ֆորումներում ու շփման բոլոր այլ հարթակներում երբևէ տեսե՞լ եք, որ քննարկվի ինչ-որ ադրբեջանցի հերոս: Լավ, հերոս էլ չասենք՝ մեկն, ով ուղղակի աչքի է ընկել ինչ-որ բանով երբևէ…
Քննարկումները միշտ լինում են հայ հերոսների նկարների ու տեսանյութերի տակ: Բավականին թեժ քննարկումներ՝ ադրբեջանական ժխտումներով, ագրեսիայով ու կներեք, բայց բութ կուրությամբ: Այն նույն կուրությամբ, որը ադրբեջանցի երիտասարդների աչքերին փաթաթել են դպրոցում, տանն ու համալսարաններում:
Բայց մի բան կա. Մեկ լինի, երկու, երեք, բայց ախր չորրորդ անգամ օրինակ Մոնթեի նկարի տակ հայի հետ կռիվ անող ադրբեջանցին բա մի օր չի ասի՞, կամ լավ իր մեջ բա մի օր չի մտածի՞ ՝ «էս Մոնթեն ու ես ասում եմ ինքը վատն ա, բա մերն ու՞ր ա, բա մեր հերոսն ու՞ր ա...լավ, վատ՝ ու՞ր ա»:
Սաֆարովին Հունգարիայից գնելով, տուն տալով ու պաշտոն բարձրացնելով Ալիևն ուղղակի լուծեց ադրբեջանցի երիտասարդի գլխում վաղ թե ուշ ծագող «մեր հերոսն ու՞ր ա» հարցը:
Չէ՛, չմտածեք հանկարծ, որ դա արեց ադրբեջանցի երիտասարդի նկատմամբ ունեցած իր բարի կամքից, ուղղակի բողոք կա երկրում ախր, մարդիկ սկսում են խոսել քիչ-քիչ, հիշում են «ադրբեջանցի հերոս սալդաթի» մասին Ալիևի հայտարարությունները որոնցում ինչ-որ բան չի համընկնում իրականության հետ, ու մեկ էլ հստակ տեսնում են ինչպես է մեծանում Հեյդար Ալիև կրտսերը...
Իսկ մինչ այդ՝ գալիք ընտրություններին ընդառաջ, Ալիևը դեռ շատ կպատմի «հերոս մայոր Սաֆարովի» ասքն իր հանդիպումների ժամանակ, միգուցե նախընտրական պաստառներում լուսանկարվի նրա հետ ու երբ երիտասարդներից լսի «բա մեր հերոսն ու՞ր ա» հարցը՝ բեղի տակից ժպտալով մատնացույց կանի Ռամիլ Սաֆարովին, իր պատրաստած ու վերջապես «ադրբեջանական արտադրության» միակ «հերոսին»:
ՀԳ. 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարելով սպանել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Մարգարյանն ու Սաֆարովը Բուդապեշտում էին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: 2006թ.-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, 30 տարով առանց ներման թույլտվության։