31/08/2015 17:39
Մահացել է հայ բարերար Վահագն Հովնանյանը
Այսօր Երևանում երկարատև ու ծանր հիվանդությունից 83 տարեկան հասակում մահացել է հայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը:
Վահագն Հովնանյանը ծնվել է 1932թ.-ի փետրվարի 16-ին՝ Իրաքի Քիրքուք շրջանում: Նա հայ ճարտարագետ-ձեռնարկատեր, հասարակական գործիչ, բարերար Հրայր Հովնանյանի եղբայրն է։
1952 թվականին Վահագն Հովնանյանն ավարտել Բաղդադի քոլեջը, 1956 թվականին՝ Ֆիլադելֆիայի Ս. Ջոզեֆի համալսարանը, (Փենսիլվանիա նահանգ)` ստանալով ֆիզիկոս բակալավրի աստիճան։
1959 թվականին հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969 թվականին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ստեղծվել են մի քանի դուստր ընկերություններ:
1985 թվականին Վահագն Հովնանյանը որդու հետ նախաձեռնել է հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն, հիմնելով «Cellular Vision» կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց «SpeedUS» կորպորացիայի։
1998 թվականից Վահագն Հովնանյանը «Հովնանյան Ինթերնեյշնլ» և «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահն է:
Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են եղել հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը։
1998 թվականին Երևանում Վահագն Հովնանյանը կառուցել է Վահագնի թաղամասը։
Վահագն Հովնանյանը ուներ բազմաթիվ պարգևներ և մրցանակներ՝ 1999թ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի պատվավոր (1969) կոչում, 2000թ. Հայ առաքելական եկեղեցու արքայազն կոչում, 2001թ. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան Սուրբ Լեոնի և Սուրբ Վարդանանց եկեղեցիների «Ակնառու ծառայությունների համար», 2002թ. Կանադա-հայկական «Տարվա հայ» մրցանակ, 2003թ. «էլլիս Այլանդ» (ԱՍՆ) մրցանակ, 2004թ. «Մարդասիրական» (1998, Նյու Տորք) մրցանակ: