01/09/2015 18:27
Արմեն Ալավերդյան. Հայաստանում տարածքում գործում է 140 ներառական դպրոց
Հայաստանում տարածքում գործում է 140 ներառական դպրոց: Ողջունելի է, որ ներառական կրթությունը Հայաստանում պետականորեն ընդունվում է որպես անհրաժեշտություն, և այս թվով մեր հանրապետությունը հետխորհրդային երկրների թվում առաջատարն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
«Անցել են ժամանակները, երբ պետք է վիճել ներառական կրթության անհրաժեշտության մասին, չնայած մինչ այժմ մեր երկրում շարունավում են այդ վեճերը: Շատ լավ է, որ Հայաստանում տարածքում գործում է 140 ներառական դպրոց, սակայն ինձ մտահոգում է այն, որ թեև այդ դպրոցները հավելյալ գումար են ստանում, բայց ամբողջությամբ հարմարեցված չեն ներառական կրթության համար»,- ասաց Ա. Ալավերդյանն՝ ավելացնելով.
«Օրինակ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար դպրոցների մուտքերի մոտ կան թեքահարթակներ, որոնց մի մասը համապատասխանում է չափանիշներին, մի մասն էլ՝ ոչ: Այս դեպքում՝ ինչպե՞ս է երեխան բարձրանալու օրինակ սպրոցի մյուս հարկերը, իսկ սանհանգույցնե՞րը, դասասենյակնե՞րը»:
Ամփոփելով՝ Արմեն Ալավերդյանը նշեց, որ մտահոգիչ են նաև որոշ տնօրենների կարծրատիպային մոտեցումներն այս հարցում: