02/09/2015 18:52
Ինչու՞ էր Լավրովը մեկնել Բաքու․ առաջարկ, որը կարող է վերածվել պահանջի
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի անակնկալ այցը Բաքու բավական աննկատ անցավ: Կապված էր դա սեպտեմբերի մեկի հետ, թե՞, պարզապես, հասարակությունը (հայաստանյան) կորցրել է հետաքրքրությունը Բաքվում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ գուշակել բավական դժվար է:
Համենայնդեպս, գոնե առաջին հայացքից ՌԴ արտգործնախարարի այցն Ադրբեջանի մայրաքաղաք նշանավորվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ակնկալիքներին վերաբերող Լավրովի հայտարարությամբ և հայ-ադրբեջանական շփման գծում նոր փոխհրաձգությունների մասին երբեմն միմյանց հակասող լուրերով:
Այսուհանդերձ, ո՞րն էր Լավրովի՝ Բաքու կատարած այցի նպատակը, եթե բավական երկար ժամանակ ձգված առանձնազրույցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող պետության արտգործնախարարը բավարարվում է «հնարավոր առաջընթացի» մասին արդեն հերթապահ դարձած հայտարարությամբ, իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունն ու նախագահի աշխատակազմը առհասարակ զերծ են մնում որևէ մեկնաբանությունից: Եվ ինչու՞ այդ այցը տեղի ունեցավ հենց հիմա՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանի նախօրեին:
Եթե փորձենք ենթադրություններ անել տեղեկատվական բաց աղբյուրների հիման վրա, ապա Լավրովը Բաքու այցելելիս ուներ երկու հիմնական նպատակ:
Առաջինը՝ համոզել Ալիևին մեկնել ԱՄՆ և այնտեղ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքների շրջանակում, հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ընդ որում, բացառված չէ, որ ռուսական կողմը փորձում է հանդիպումը կազմակերպել եռակողմ ձևաչափով (Սարգսյան-Պուտին-Ալիև), որպեսզի այդ կերպ ցույց տա, որ Ռուսաստանը շարունակում է հարավկովկասյան տարածաշրջանում գերակա դիրք ունենալ և ԵԱՀԿ ՄԽ-ի մյուս համանախագահները ստիպված են հաշվի նստել այս հանգամանքի հետ:
Նպատակներից երկրորդը, թերևս, նոր աշխարհաքաղաքական պայմաններում Ադրբեջանի դիրքորոշմանը ավելի հանգամանալից ծանոթանալու ցանկությունն էր: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, Իսլամական պետության դեմ ռուսական զինուժի ներգրավումը, տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի սրընթաց թուլացումը կարող են և պետք է բերեն տարածաշրջանային պետությունների արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների որոշակի խմբագրմանը և Մոսկվան հիմա ցանկանում է իրեն զերծ պահել տհաճ անակնկալներից:
Կոնկրետ Ադրբեջանի պարագայում հիմնական վտանգը գալիս է անձամբ Իլհամ Ալիևից, քանի որ վերջինը, սեփական իշխանությունը պահելու նպատակով, ցանկացած պահի կարող է գնալ ռազմական արկածախնդրության՝ այդ կերպ թե՛ զրկելով Ռուսաստանին իրադարձությունների վրա դիվանագիտական եղանակներով ազդելու և մանևրելու հնարավորությունից, թե՛ հնարավորություն տալով նույն ՆԱՏՕ-ին կամ, ասենք, ԱՄՆ-ին խաղաղապահ գործողություն սկսել:
Սա Մոսկվայի համար չափազանց տհաճ հեռանկար է, եթե հաշվի ենք առնում տնտեսական պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի շարունակական կորուստներն ու գլոբալ խնդիրներում Մոսկվայի դիմադրողականության լուրջ անկումը: Սակայն նույնիսկ այս ամենը հաշվի առնելով, պետք է հաշվի առնել, որ Արևմուտքի բարեհաճությունից զրկված, նավթի գնորդների մեծ մասին կորցրած Ադրբեջանը հիմա աննախադեպ թույլ է և Մոսկվայի համար հնարավորություն է ստեղծվել Բաքվին ոչ թե ին-որ բան առաջարկել, այլ՝ պահանջել:
Սա, սակայն, Լավրովի, թերևս, երրորդ նպատակն էր: