03/09/2015 15:00
Վադիմ Դուբնով. Պատերազմի վերսկսման հավանականությունը ցածր է
Հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում լարվածությունը մշտական բնույթ է կրում ու այդ իրավիճակը ձգվում է մոտ մեկ տարի:
Կողմերը չեն շտապում ներկայացնել սահմանին կատարվողի իրական պատկերը և այս պատճառով միջազգային հանրությունը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում ու փորձում է պահել որոշակի չեզոքություն: Սա այս իրավիւճակում եղած միակ ելքն է:
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարվածությանն ու միջազգային հանրության լռությանը:
Հարցին՝ տեսնո՞ւմ է արդյոք կապ ստեղծված լարվածության, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից նախապատրաստվելիք Սարգսյան-Ալիև հանդիպման, ինչպես նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի միջև՝ ռուս քաղաքագետն ասաց, որ կողմնակից չէ նման կապեր տեսնել.
«Նման կապեր չեմ փնտրում, քանի որ ուղղակի կապ գոյություն էլ չունի: Հուլիսի վերջին էլ նման լարված իրավիճակ էր սահմանին, բայց այն ժամանակ նյույորքյան հնարավոր հանդիպման նախապատրաստում չկար, ոչ էլ Լավրովն էր Բաքու մեկնել»,- ասաց քաղաքագետն՝ ավելացնելով.
«Ես չէի սինխրոնացնի լարվածությունների ժամանակացույցը ո′չ բարձր մակարդակով հանդիպումների, ո′չ էլ Եվրոպական խաղերի հետ, ինչպես այդ մասին ավելի վաղ հայտարարվում էր: Եթե հետևենք սրացումների ժամանակացույցին, ապա կտեսնենք, որ դրանք ո′չ քաղաքական, ո′չ էլ սպորտային միջոցառումներից ուղղակի կախում չունեն»:
Վադիմ Դուբնովի խոսքով՝ այս պահին ցածր է նաև պատերազմի վերսկսման հավանականությունը, թեև պետք է հիշել, որ այն միշտ կա:
«Պատերազմն այս իրավիճակում կողմերից որևէ մեկի շահերից չի բխում: Միևնույն ժամանակ պետք է հիշենք, որ զարգացումներն ամեն պահի կարող են դուրս գալ տրամաբանության սահմաններից: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ լարվածության մակարդակը կգերազանցի անցյալ տարվա ամռան օրերինը»,- ամփոփեց ռուս քաղաքագետը: