04/09/2015 15:30
Գալուստ Սահակյան. Քոչարյանը չունի այնքան ուժեղ թիմ, որ կարողանա պայքարել փոփոխությունների դեմ
Ռոբերտ Քոչարյանը չունի այնքան ուժեղ թիմ, որ կարողանա պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով մամուլում առկա այն տեղեկություններին, թե ՀՀ երկրորդ նախագահը պատրաստվում է միանալ «Ոչ»-ի պայքարին.
«Ռոբերտ Քոչարյանը դեռևս որևէ հայտարարություն չի արել»,- հիշեցրեց նա, իսկ երբ լրագրողները իրենց հերթին հիշեցրին, որ նախկին նախագահը դեմ է արտահայտվել Սահմանադրական փոփոխություններին՝ ավելացրեց.
«Բայց դեմ լինելը դեռ չի նշանակում, թե նա մինամում է «Ոչ»-ի պայքարին: Ռոբերտ Քոչարյանը, որպես պատմական դեմք, բավականին ուժեղ է, բայց քաղաքացիական հասարակության և քաղաքական դաշտում ուժեղները ուժեղ թիմ են ունենում: Իսկ ես չեմ կարծում, թե նա ուժեղ թիմ ունի»,- կրկնեց Գալուստ Սահակյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե Քոչարյանը հորդորել է նաև ՀՀԿ-ականներին միանալ իրեն այս հարցում՝ ԱԺ նախագահն արձագանքեց.
«Չգիտեմ՝ լամ, թե ցավամ, որ բոլորն իրենց հզորությունն ու նաև թուլութունը կապում են ՀՀԿ-ի հետ»:
Խոսելով «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունների մասին՝ ԱԺ նախագահն ասաց, որ ՀՀԿ-ն ոչ մեկին էլ չի խանգարում, ասել է թե՝ ինչ պայքարի ուզում են, թող միանան.
«Մենք ոչ մեկին չենք համոզում, նրանք փորձում են իրենց իմիջը բարձրացնել»,- ասաց նա: