05/10/2015 15:26
Նոր Սահմանդրությամբ խթանվել է ձեռնարկատիրական իրավունքը. Բագրատյանի առաջարկն ընդունվել է
Մարդու ազատ գործելու իրավունքի հետ կապված նոր Սահմանադրության մեջ կատարվել են կարևարագույն փոփոխություններ:
Դա գործող Սահմանդրության 42-րդ հոդվածն է, որի հետ կապված նոր սահմանադրական նախագծում եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնցից, սակայն, ընդունվել է մի քանիսը: Կարևորագույն փոփոխություն է կատարված հատկապես հավաքների ազատության մասին օրենքի 44 հոդվածում: Նախորդ անգամ այս հոդվածը ներկայացնելիս, ես անդրադարձել եմ բոլոր այն մտահոգություններին, ըստ որոնց, բացօթյան տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով նախատեսված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետներում ներկայացված իրազեկման հիման վրա: Այս դրույթը շատերի կողմից մեկնաբանվեց որպես ինքնաբուխ հավաքների բացառման փորձ, սակայն դա այդպես չէ: Չնայած իրավաբանորեն ներկայացված ձևակերպումն իրականում նմանություն տալիս էր, այդուհանդերձ՝ մենք նպատակահարմար գտանք հատուկ ամրագրել, որ ազատ հանրահավաքների համար իրազեկում չի պահանջվում: Մանրամասն ներկայացրեց ՀՀ Նախագահին առնթեր Սահմանադրական բարեփոխումների պետական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Վարդան Պողոյանը:
Ինչ վերաբերում է ընտրական իրավունքին ու հանրաքվեին մասնակցելու դրույթներին, ապա Վ. Պողոսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այստեղ ևս մտահոգությունները շատ էին, սակայն մտահոգվելու կարիք այլևս չկա: «Մտահոգությունները հատկապես վերաբերում էին օտարերկրյա քաղաքացիների՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Սահմանադրության մակարադակով ընտրելու և ընտրվելու իրավունք տրամադրելուն, սակայն ընդառաջելով բազմաթիվ առաջարկների, որոնց մեջ էր նաև ՕԵԿ խմբակցության առաջարկությունները, նոր Սահմանադրությամբ ամրագրվել է, որպեսզի նախագծի 48-րդ հոդվածի 3-րդ մասում վերականգնվի գործող սահմանադրության համապատասխան դրույթը: Այսինքն՝ օրենքով կարող է սահմանվել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՏԻՄ ընտրությունների և հանրաքվեներին մասնակցելու իրավունքը»,- հայտարարեց նա:
Վ. Պողոսյանը շեշտեց նաև, որ մտահոգություններ են եղել սեփականության իրավունքի որոշ դրույթների հետ կապված և առաջարկություններ են եղել, որոնք ևս ամրագրվել են նոր Սահմանադրության մեջ: Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությամբ հստակեցվել է, որ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից՝ բացառությամբ դատական կարգով և օրենքով սահմանված դեպքերի:
Պողոսյանն ընդգծեց նաև, որ վիճահարույց էր նաև Սահամանադրության 65-րդ հոդվածն, ըստ որի, քաղաքացին ազատվում էր ցուցմունք տալու պարտականությունից:
«Գործող Սահմանադրությամբ ամրագրված է, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Օգոստոսի 21-ին ներկայացված նախագծում «վերաբերյալ» բառը փոխարինված էր դեմ բառով, որը մի շարք տարակարծությունների տեղի տվեց ինչպես փաստաբանական, այնպես էլ լայն հասարակության կողմից: Այստեղ ևս կիրառվել են փոփոխություններև այժմ փորձ է արվում այնպիսի ձևակերպում առաջարկել, որը մի կողմից թույլ կտա, որպեսզի մարդը իսկապես չպարտադրվի տալ այն ցուցմունքը, որը չի ցանկանում, բայց մյուս կողմից հնարավորություն ստեղծվի, որպեսզի համապատասան մարմինները, Սահմանադրությամբ նախատեսված օրենքի շրջանակներում, հնարավորություն ունենան ստանալ համապատասխան ցուցմունք՝ դատական ճշմարտությանը հասնելու համար: Մենք ձևակերպել են հետևյալ կերպ. ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր ամուսնու կամ մերձավոր ազգականի վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ իր ազգականների դեմ»,- մանրամասնեց հիմնական զեկուցողը:
Իսկ ահա 72-րդ հոդվածում վերականգնվել է այն հոդվածը, ըստ որի՝ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի:
Վ. Պողոսյանի խոսքով՝ մի քանի կարևորագույն փոփոխություններ են կատարվել նաև Սահմանադրության 3-րդ գլխում, որոնք վերաբերում են պետության կողմից սոցիալական տնտեսական մշակութային բնագավառներում օրենսդրական երաշխիքներին:
Բացի դա՝ նոր Սահմանդրությամբ խթանվել է նաև ձեռնարկատիրական իրավունքը՝ որպես պետության քաղաքականության հիմնական նպատակ: Այս առաջարկության հեղինակը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն է: «5-րդ կետում ամրագրվել է, որ պետության հիմնական նպատակների մեջ է մտնում նաև ծնելիության և բազմազավակության խթանումը, իսկ 7-րդ կետում ավելացվել է պետության կողմից բնակչության առողջության պահպանման բարելավման ծրագրերի իրականացման պարտականությունը»,- նշեց Պողոսյանը: