06/10/2015 18:22
Ռ. Գևորգյան. Երբ երկիրը ներքաշված է պատերազմի մեջ, բոլոր տեսակի ներքաղաքական ընդվզումները դատապարտելի են
Ողջունելի է Վաշինգտոնում ՄԱԿ-ի ամբիոնից մեր երկրի նախագահի ելույթը, որը պատերազմում հաղթանակած և արյամբ ընդգծված սահման ունեցող երկրի ղեկավարի խոսք էր և դիրքորոշում՝ ընդդեմ թշնամի Ադրբեջանի: Այսպես իր ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին սկսեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:
Պատգամավորը շեշտեց, որ երկրի նախագահի ելույթում պարզ հայտարարվեց թշնամու կողմից նետված պատերազմի ձեռնոցը ընդունելու և նրան պատժելու մեր երկրի պատրաստակամությունը: «Նախագահի խոսքը դա իր ժողովրդի խոսքն է և այսօր ազգովի չլինել նրա կողքին, ուրեմն կունենանք պարտված խոսք, իսկ պարտված խոսքի դեպքում՝ պարտված պատերազմ և պարտված ժողովուրդ: Ուստի, երկրի սահմաններում տիրող այս լարված իրավիճակում, երբ երկիրը ներ է քաշված պատերազմի մեջ, բոլոր տեսակի ընդվզումները, որոնք կխաթարեն երկրի ներքաղաքական անդորրը և իրենց գործողություններով միջազգային հարթության մեջ կներազդեն մեր երկրի վարկանիշի վրա, խստորեն դատապարտելի է»,- ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց նաև, որ ի վերջո, հասկանալ է պետք, որ հայրենի հողը արյուն է և հայ ժողովուրդը միայն իր միասնականությամբ կարող է հանդիսանալ նմանատիպ արյան արժեքը պահպանող մեծագույն արժեք: «Երկրում տիրող ամեն մի դժվարին վիճակ՝ դա լինի տնտեսական, թե սոցիալական, երբեք չպետք է դառնա պատճառ շեղվելու արյան այդ գիտակցությունից: Մենք ուրիշ կյանք չենք ունեցել, երբ վտանգվել է մեր հողը և առավել ոչ մի հարց պիտի չունենանք երկրի ներսում, երբ երկիրը ներքաշված է պատերազի մեջ: Հայրենիքի պաշտպանության խնդիրը ամեն մի հայի համար պիտի լինի էության պահանջ: Հարկավոր է լինել միասնական՝ լինել պետության կողքին և մեր պետության ճակատագրին վերաբերող ամեն մի հարցում նրան դարձնել անխոցելի: Մեր ազգը մշտապես գոյություն ունեցող հզոր ոգիների միավորվածությունն է և մեր ժողովրդի մեջ գլխավորը ոչ թե պիտի լինի ինչ-որ քաղաքական կողմնորոշում , այլ դարերից եկող նրա հոգեբանական նկարագիրը»,- հավելեց նա:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը պատերազմող երկիր է, իսկ պատերազմները ժողովուրդների հոգու բարձր կարողությամբ է պայմանավորված: «Այսօր նեղանալ, ըմբոստանալ և հեռանալ երկրից, երբ երկիրը վտանգի մեջ է, ամոթ է ու ծիծաղելի: Վերջապես, հայրենիքը նեղանալու իրավունք ունի մեզանից մեր կիսատ թողած գործերի համար: Այսօր ազգովի պիտի տեր կանգնենք ազատագրական պայքարում տարած մեր հաղթանակներին՝ պայքար, որն Արցախի անկախության պայքար էր, և ներկա սերունդների իրավունք մեր նախնիների թողած ժառանգությունը ստանալու: Այսօր Երդվյալ ազատամարտիկները, գտնվելով պետության կողքին, ամեն րոպե պատրաստ են երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանատարության ներքո մեկնել ամենավտանգավոր սահմանային գիծ և լինել դիրքապահ զինվորների հետ կողք կողքի, մարտնչել ընդդեմ թշնամու»,- եզրափակեց նա: