07/10/2015 19:28
Նալբանդյան. Եթե խոսք լինի պատերազմական գործողությունների մասին՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր
Հրադադադրի ռեժիմն այս օրերին պարբերաբար խախտվում է, այսպիսով ստացվում է, որ ստատուս քվոն խախտված է՝ նման իրավիճակում չպիտի՞ դրվի Արցախի հանրապետության ճանաչման խնդիրը: Այս հարցն Ազգային ժողովում բարձրացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընդգծելով նաև՝ ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե Ադրբեջանը ևս անդամակցի ԵՏՄ-ին:
Հարցին ի պատասխան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց՝ եթե խոսք գնա պատերազմական գործողությունների մասին, բանակցությունները դադարեցվեն` կլինեն նաև համապատասխան քայլեր, այդ թվում՝ Արցախի ճանաչում:
Զարուհի Փոստանջյանը հակադարձեց՝ միթե սահմանային բանակավայրերի պարբերական հրետակոծությունը պատերազմական իրավիճակ չէ՞.
«Պետք է Ա՞Ժ-ն ռմբակոծվի, որ պատերազմական իրավիճակ դիտվի»,- ասաց պատգամավորն, ինչին ի պատասխան նախարար Նալբանդյանը նշեց, որ Զարուհի Փոստանջյանը խառնում է հրադադարի և ստատուս քվոյի ձևակերպումները:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը ԵՏՄ-ին՝ Էդվարդ Նալբանդյանի խոսքով նման հարց չի քննարկվել.
«Հայաստանը ԵՏՄ անդամ է և ունի կարծիքի իրավունք: Այդ հարցերը լուծվում են կունսենսուսով»,- ասաց արտգործնախարարը: