09/10/2015 09:27
Հայաստանի գյուղատնտեսությունը այլևս հարկերից ազատված ոլորտ չի լինելու
«Հայկական ժամանակը» գրել է. «2020 թվականից սկսած՝ Հայաստանի գյուղատնտեսությունը այլևս հարկերից ազատված ոլորտ չի լինելու:
Սա արձանագրված է հարկային նոր օրենսգրքում, որի նախագիծը երեկ հավանության արժանացավ կառավարության նիստի ժամանակ:
Գյուղատնտեսության հարկային արտոնությունները պետք է վերանայեին դեռ այս տարվա հունվարի 1-ից, ինչը Հայաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու պայմաններից մեկն էր: Սակայն այդ ժամկետը հետաձգվեց: Հարկային նոր օրենսգրքով, փաստորեն, սահմանվում է գյուղատնտեսության հարկային արտոնությունների վերացման նոր ժամկետ: Նույն՝ 2020 թվականից սկսած ավելացված արժեքի հարկով սկսելու է հարկվել նաև գյուղտեխնիկայի, թունաքիմիկատների, տնկիների, սերմնացուների վաճառքը:
Գյուղատնտեսության հարկային արտոնությունները վերացնելուց հետո կառավարությունը սկսելու է սուբսիդիաներ տրամադրել այդ ոլորտին, ինչը մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ կարող է փոխհատուցել հարկային նոր բեռը, որը դրվելու է գյուղացիների վրա: Սակայն այստեղ առաջանում են գյուղմթերքների արտադրության և իրացման հետ կապված հաշվառման լրջագույն խնդիրներ, որոնց իրականացումը ծախսատար է լինելու»: