13/10/2015 14:17
Սո՞ւրբ եք գտել, Գագիկ Հարությունյանին խոստացել են նախագահի պաշտոն. Լևոն Զուրաբյան
«Ամենևին էլ պետք չէ գիտնական լինել՝ հասկանալու համար, թե ինչու են արվում սահմանադրական բարեփոխումները:
Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի կառավարման ձևը, չէ՞ որ որևէ դեմոկրատական երկիր այդպես չի վարվում, դա խաղի սուրբ կանոն է, որին պետք է ենթարկվի քաղաքական վերնախավը, հենց որ խաղի կանոնները դառնում են խաղալիք քաղաքական վերնախավի ձեռքում, դա նշանակում է, որ Սահմանադրությունը կորցնում է իր կարևոր դերը»,- «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ քննարկումները կազմակերպել է Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, որին մասնակցում են նախագծի կողմ և դեմ կողմեր: Քննարկմանը ներկա են նաև սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ ԱՄՆ-ի Սահմանադրությունը 27 անգամ փոփոխությունների է ենթարկվել, սակայն դրանցից որևէ մեկով կառավարման փոփոխություն չի առաջարկվել: Նրա խոսքով՝ խորհրդարանի քվեարկությունն ամենևին էլ չի խոսում կոնսենսուսի առկայության մասին: «Հայաստանի ընտրական համակարգը կոռումպացված է, ուստի ձևավորված խորհրդարանը չի ներկայացնում ժողովրդի կամքը»,- ընդգծեց ՀԱԿ պատգամավորը:
Նրա խոսքով՝ 2015 թ-ի փետրվարյան դեպքերից առաջ, երբ երեք ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու «Ժառանգության» միջև կար ձևավորված դաշինք, դրա շուրջ համախմբվել էր մոտ 53 պատգամավոր: «Այդ դաշինքը ստեղծվել էր հենց սահմանադրական բարեփոխումները մերժելու համար»,- հիշեցրեց Զուրաբյանը։
Ամփոփելով միտքը՝ նա ևս մեկ անգամ անդրադարձավ իր կողմից թույլ տված արտահայտությանը, թե «Վենետիկի հանձնաժողովւ կաշառված է» և նշեց, որ այդտեղ զարմանալու ոչինչ էլ չկա։ Նա հավաստիացրեց, թե իր խոսքերում կեղծ ոչինչ էլ չկա.
«Ի՞նչ ա, սո՞ւրբ եք գտել, Գագիկ Հարությունյանն էն մարդն ա, ում խոստացել են, որ նոր Սահմանադրության մեջ նախագահի պաշտոնն իրենն է լինելու»,- ասաց նա:
Պատգամավորը ևս մեկ անգամ կոչ արեց բոյկոտել ու մերժել սահմանադրական փոփոխությունները: