23/11/2015 15:17
Ով ինչ խնդիր ունի, մեղադրում է Նախագահին. Հերմինե Նաղդալյան
Որպես կանոն Հայաստանում ընտրական գործընթացները բավականին անհանգիստ մթնոլորտում են ընթանում, սակայն կարծում եմ, որ այս քարոզարշավի ընթացքում մեզ կհաջողվի դրական մթնոլորտ ստեղծել ու ընտրական մշակույթ ձևավորել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հանրաքվեի քարոզարշավին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Քայլ առ քայլ, անցնելով ժողովրդավարության կանոնները, գալիս հասնում ենք ավելի քաղաքակիրթ ընտրարշավին»,- նկատեց պատգամավորը:
Անդրադառնալով հարցին, թե ո՞վ պետք է քաղաքացիների իրավունքների համար պատասխանատվություն կրի նոր Սահմանադրության օրոք, պատգամավորը պատասխանեց, որ սահմանադրական թնջուկի կարևորագույն հարցերից մեկն էլ հենց այս խնդիրն է: Նրա խոսքով՝ այս համակարգի մեջ որոշակի անառողջ իրավիճակ կար, որը պետք է ուղղվիհենց այս փոփոխություններով:
«Մինչ օրս ոչ թե քաղաքացին գիտեր, թե ում մեղադրի, այլ անկախ այն բանից, թե այդ խնդիրն ում է ուղղված, նա մեղադրում է ՀՀ Նախագահին: Այսինքն՝ եթե իր խնդիրը ձախողված է դատարանում, տեղական ինքնակառավարման մարմնում, մարզեպետարանում կամ մեկ ուրիշ որևէ այլ կառույցում, այդ ամենի համար և այդ բոլորի փոխարեն պատասխան տվողը ՀՀ նախագահն է, որի մեջ կա ինչպես վատ կառավարման մեխանիզմ, այնպես էլ անարդարություն, որը տարածվում էր նաև որպես պատասխանատվություն: Եվ եթե բոլոր այս մեղադրանքները գնում են մեկ հասցեով, ապա այդ պատասխանատվությունն էլ մեկ հոգի է կրում, իսկ մնացած բոլոր պատասխանատուները, ովքեր իրենց վատ աշխատանքով, կռումպացվածությամբ, անարդարությամբ ձախողում են քաղաքացու այս կամ այն խնդիրը, նրանք այդ պատասխանատվության կրողն ու հասցեատերը չեն դառում: Համաձայնեք, որ սա նորմալ երևույթ չէ: Իսկ այս փոփոխությունների նպատակներից ու կարևորագույն խնդիրներից մեկն էլ հենց սա է՝ նորմալացնել հենց այս դաշտը: Ով ունի լիազորություն, կկրի պատասխանատվություն և կունենա լիարժեք լիազորություն այդ խնդիրը լուծելու համար: Այ սա է ճիշտ և բնական կառավարման մեթոդը»,- ասաց նա:
Պատգամավորը վստահեցրեց, որ այսուհետև քաղաքացին հստակ իմանալու է, թե որ խնդրի համար ում կամ որ կառույցին պետք է դիմի:
«Այպես չէ, որ քաղաքացին չի իմանալու կամ չի գտնելու իր խնդրի պատասխանատուին կամ հասցեատիրոջը: Քաղաքացին արդեն գնալու է կոնկրետ խնդրի լուծման հետևից և գտնելու է իր խնդիրը կոնկրետ ձախողող հասցեատիրոջը: Հենց սա ենք մենք դրել որպես բարելավում, որով ուզում ենք լուծել այդ խնդիրները: Գործող Սահմանադրության մեջ կան այլ խնդրահարույց կետեր ևս, որոնց լուծման բանալին այս սահմանադրական բարեփոխումներն են»,- եզրափակեց նա: