26/11/2015 09:32
«Զվարթնոց» օդանավակայանում կրճատումներ են ընթանում
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ վերջին ամիսների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում կրճատումներ են ընթանում ձեռնարկության ծախսերը նվազեցնելու նպատակով: Նման քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ այս տարվա անցած տասը ամիսների ուղևորափոխադրումների նվազման արդյունքում՝ նախորդ տարվա համեմատ «Զվարթնոց» օդանավակայանի շրջանառությունը նվազել է առնվազն 7 մլն դոլարի չափով:
Ակնհայտ է, որ մինչև տարեվերջ այդ անկումը շարունակվելու է, և միամտությու կլինի կարծել, թե եկող տարի իրավիճակը կտրուկ կլավանա: Կրճատումների լուրը ճշտելու համար «Ժողովուրդը» զրուցել է օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանի հետ, ըստ որի՝ գործընթացն այլ կերպ է կոչվում. «Կրճատումներ չեն ընթանում: Որևէ արտառոց բան չկա: Օպտիմիզացիոն գործընթացներ են, որոնք ժամանակ առ ժամանակ ցանկացած այլ հիմնարկներում էլ իրականացվում են»:
«Իրականում, սակայն, ինչպես էլ կոչենք «Զվարթնոցում» տեղի ունեցող զարգացումները, միևնույն է՝ փաստ է, որ դրանց արդյունքում ինչ-որ հաստիքներ վերացվում են, ծախսերն են կրճատվում, ուստի, անկախ ամեն ինչից, կրճատումների հետ գործ ունենք»,- հավելել է թերթը: