30/11/2015 16:34
Կարեն Աղամալյան. Կարող էինք ավելի շատ մեդալներ նվաճել
«Կարող էինք ավելի շատ մեդալներ նվաճել»,- ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի հետ զրույցում ասել է Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Կ. Աղամալյանը գոհ է տղաների ելույթներից, բայց ավելի շատ մեդալների էր սպասում:
«Տղաների ելույթներից գոհ եմ, բայց ավելի շատ մեդալների էի սպասում: Մեր բռնցքամարտիկները լավ պատրաստված էին, կարող էին ևս երկու մեդալ նվաճել, սակայն տարբեր պատճառներով դա չստացվեց: Կային հավասար մենամարտեր, որտեղ նախապատվությունը տրվեց մրցակցին, սակայն չեմ ցանկանում ամբողջ մեղքը բարդել մրցավարների վրա»,- ասել է մարզիչը:
Նշենք, որ նոյեմբերի 19-29-ը Լեհաստանի Կոլոժբեկ քաղաքում կայացել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ մեր բռնցքամարտիկներ՝ Վահե Բադալյանը(52 կգ ) նվաճել է արծաթե, իսկ Ալեն Դանիելյանը (49կգ ) բրոնզե մեդալ: