04/02/2016 12:21
Առջևում խորհրդանշական 2017 թվականն է. Թևան Պողոսյան
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ երկրի առջև ծառացած խնդիրները հաղթահարելու միակ երաշխիքն ու հնարավորությունը Հայաստանի տնտեսության զարգացումն է, որը թույլ կտա լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ արտաքին մարտահրավերները:
Պատգամավորն այս համատեքստում նկատում է, որ ԵՏՄ անդամակցումը սպասվածին հակառակ արդյունքը տվեց.
«Ամենակարևորը տնտեսության հզորացումն է, ազատականացումը: Իսկ համաձայն կանխատեսումների՝ ԵՏՄ ինտեգրումը որևէ դրական արդյունք չի տալիս, դեռ ավելին՝ ավելի դժվար պայմանների ենք բախվում: Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ բանակցություններին, ապա նոր փաստաթուղթը, այնուամենայնիվ, կստորագրվի, ինչը նոր հնարավորություններ կտա Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխմանը»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ արտաքին քաղաքականության դաշտում կարևոր և մեծ մարտահրավերը ղարաբաղյան հիմնախնդրն է, որի համար պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների զարգացումների:
Ներքաղաքական զարգացումների հետ կապված ևս Թ. Պողոսյանը լուրջ սպասելիքներ չունի, սակայն նկատեց, որ ներքաղաքական դաշտում ևս սպասվում են տարբեր զարգացումներ: «Առջևում խորհրդանշական 2017 թվականն է: Հասկանալի է, որ կձևավորվի քաղաքական նոր մթնոլորտ. կստեղծվեն նոր կուսակցություններ, կբացվեն համագործակցության լայն հնարավորություններ և կլինեն տարբեր միավորումներ»,- ասաց նա: