09/02/2016 18:40
Ադրբեջանցիների արկածները՝ ԵԽԽՎ-ում. Լուսանկարներ
Ավելի վաղ Aysor.am-ը գրել էր այն մասին, որ ԵԽԽՎ վերջին նստաշրջանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Տեղեկացրել էինք, որ մասնավորապես, ԵԽԽՎ լատվիական պատվիրակության անդամներից մեկը, ով խնդրել էր չհպարարակել իր անունը, Aysor.am-ին պատմել էր, որ հունվարյան նստաշրջանին Ստրասբուրգ էին եկել նաև Ալիևի աշխատակազմի մի քանի ներկայացուցիչ և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լոբբինգով զբաղվող մի շարք եվրոպացիներ, ովքեր նստաշրջանի մեկնարկի օրը, ինչպես նաև՝ բուն զեկույցի քննարկման ժամանակ, եղել են նիստերի դահլիճում և անհատապես մոտեցել ու զրուցել եվրոպացի տարբեր պատգամավորների հետ։
Որպեսզի այդ հայտարարությունները մերկապարանոց չհնչեն, մեր զրուցակիցը համաձայնեց նաև տրամադրել որոշ լուսանկարներ: Ճիշտ է, լուսանկարը, հասկանալի պատճառներով, արված է հեռվից, բայց պատվիրակը հավաստիացրեց, որ Վեհաժողովի սրճարանում, նախքան Ուոլթերի աղմկահարույց զեկույցի քվեարկության մեկնարկը, Իլհամ Ալիևի աշխատակազմի ներկայացուցիչն անձամբ զբաղվում էր եվրոպացիներին համոզելու գործընթացով, սակայն այդպես էլ չհաջողեց. Ուոլթերի զեկույցը տապալվեց:
Եվ ևս մի քանի լուսանկարներ են տրամադրվել Aysor.am-ին, որոնց վրա պատկերված է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության հիմնական «ռմբարկու» Գանիրա Փաշաևան Ստրասբուրգի ամենաթանկ ու շքեղ «Գելերի Լաֆայեթում» շոփինգ անելիս: Ըստ երևույթի, տիկին Փաշաևան եկել էր մխիթարվելու ֆիասկոյի պատճառով, քանի որ այդպես էլ չկարողացավ Ալիևին նվիրել ուոլթերյան զեկույցի ընդունման բերկրանքը, իսկ ինչպես հայտնի է, կնոջ տրամադրությունը կարող է բարձրացնել միայն շոփինգը:
Ուշագրավն այն է, որ առ այսօր որևէ մեկը չմեղադրեց ադրբեջանական պատվիրակության անդամներին, թե նրանք ԵԽԽՎ-ում գործ անելու փոխարեն շոփինգով են զբաղված, թեև դրա վառ ապացույց հանդիսացող լուսանկարները հրապարակում ենք ստորև: Մինչդեռ որոշ «վայ քաղաքագետներ» շտապեցին դա անել՝ այլ թեմա ու քննադատության առարկա չունենալուց ելնելով: