09/02/2016 13:46
Ալիևի դեսանտը պատժվել է
Կրքերը ԵԽԽՎ վերջին նստաշրջանի շուրջ, որի ընթացքում Ադրբեջանին չհաջողվեց անցկացնել Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» վերնագրով զեկույցը, չեն դադարում։ Aysor-ին հաջողվեց որոշ մանրամասներ պարզել հունվարյան նստաշրջանի՝ ալիևյան խոհանոցից։
Մասնավորապես, ԵԽԽՎ լատվիական պատվիրակության անդամներնց մեկը, ով խնդրեց չհպարարակել իր անունը, մեզ հետ զրույցում նշեց, որ հունվարյան նստաշրջանին Ստրասբուրգ էին եկել նաև Ալիևի աշխատակազմի մի քանի ներկայացուցիչ և ԵԽԽՎ –ում Ադրբեջանի լոբբինգով զբաղվող մի շարք եվրոպացիներ, ովքեր նստաշրջանի մեկնարկի օրը, ինչպես նաև՝ բուն զեկույցի քննարկման ժամանակ, եղել են նիստերի դահլիճում և հատ-հատ մոտեցել ու զրուցել եվրոպացի տարբեր պատգամավորների հետ։ Վերջիններս միանշանակ վստահ են եղել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս իրենց «դեսանտական» առաքելությունը հաջողելու է, սակայն խիստ մեծ է եղել Ալիևի դեսանտների զարմանքը, երբ լուսատախտակին տեսել են Ուոլթերի նախագծի քվեարկության արդյունքը։
Արդեն իսկ ադրբեջանական մամուլը գրում է, որ Ալիևի «դեսանտներն» ու Ստրասբուրգում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը պատժվել են՝ Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող զեկույցը, որի վրա Ալիևի կլանը հսկայական միջոցներ էր ծախսել, տապալելու համար։