28/04/2016 17:38
Կարեն Քոչարյան. Քիչ հավանական է, որ ապրիլյան պատերազմը ռուս-ադրբեջանական պայմանավորվածության հետևանք լինի
Ադրբեջանը նպատակ ուներ բլից-կրիգով առաջ շարժվել ու ամրագրել նոր իրավիճակի ստատուս քվո: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Որպես ապրիլյան պատերազմի մեկ այլ պատճառ՝ նա առանձնացրեց Ադրբեջանի ներսում եղած քաղաքական, տնտեսական բազմաթիվ խնդիրներ, որոնցից պետք էր շեղել տեղի հասարակության ուշադրությունը:
«Չեն կարող բացառել նաև Ալիև-Էրդողան պայմանավորվածության գործոնը: Թուրքիային պետք էր մի պահ «շունչ քաշել» ու շեղել իր երկրից աշխարհաքաղաքական սլաքները»,- բացատրեց Կարեն Քոչարյանը:
Նա քիչ հավանական համարեց, որ սահմանային ստեղծված իրավիճակը կարող էր ռուս-ադրբեջանական պայմանավորվածության հետևանք լինել.
«Շատերը պնդում են, որ Ռուսաստանն Ադրբեջանին աջակցել և տարածքների վերադարձ է խոստացել ԵՏՄ անդամության դիմաց: Բայց պարզից էլ պարզ է՝ այդ երկրի նավթի իրական տերերը երբեք թույլ չեն տա, որ այն դառնա ԵՏՄ անդամ»,- ամփոփեց քաղտեխնոլոգը: