05/05/2016 16:10
Աշխանտանքային թրաֆիկինգի դեպք. Հայաստանի 11 քաղաքացու շահագործել են Մուրմանսկում և Կիրովսկում
Հայաստանում բացահայտվել է 11 քաղաքացու աշխատանքային թրաֆիկինգի դեպք: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ձեռք են բերվել բավարար տվյալներ առ այն, որ Հայաստանի Հանրապետության 11 քաղաքացիներ աշխատանքային շահագործման են ենթարկվել ՌԴ Մուրմանսկ և Կիրովսկ քաղաքներում։
Հարուցվել է քրգործ՝ Հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, թաքցնելու հոդվածով (քրեական օրենսգիրք, 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով):
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Մ.Ավետիսյանը, ՌԴ Մուրմանսկ քաղաքում ստանալով հիպերմարկետի մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների պատվեր, խաբեության միջոցով՝ աշխատանքները կատարելուց հետո պատվիրատուից գումարը ստանալու և դրա դիմաց վճարելու կեղծ խոստումով, 2013թ. դեկտեմբերի կեսերին ՀՀ երկու քաղաքացու ներգրավել է նշված շինության բետոնապատման աշխատանքների կատարման մեջ:
Քննությամբ պարզվել է, որ 2014թ. հունվար ամսին հեռախոսազանգերի միջոցով հավաքագրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի 4 բնակչի և խաբեության միջոցով՝ աշխատանքները կատարելուց հետո պատվիրատուից գումարը ստանալու և դրա դիմաց վճարելու կեղծ խոստումով, նրանց, ինչպես նաև Մուրմանսկ քաղաքում գտնվող ևս 5 ՀՀ քաղաքացու 2014թ. փետրվար ամսից ներգրավել նույն բետոնապատման աշխատանքներում։
Շինարարը պատվիրատուից 2014 թվականի ապրիլի կեսերին ստացել է աշխատանքների դիմաց վճարը, սակայն կատարված աշխատանքի դիմաց նշված 11 անձանց չի վճարել՝ պատճառաբանելով, թե պատվիրատուից գումար չի ստացել:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանցից 5-ին Մ.Ավետիսյանը 2014 թվականի ապրիլի կեսերին տեղափոխել է ՌԴ Կիրովսկ քաղաք, որտեղ մեկ այլ պատվիրատուից գումար ստանալու և աշխատանքների դիմաց վճարելու կեղծ խոստումով մինչև 2014թ. մայիսի կեսերը շարունակել է շահագործել նրանց՝ հանձնարարելով կատարել բետոնապատման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կրկին պատվիրատուից ստացել է վճարը, սակայն խոստացված վարձատրությունը չի տվել աշխատանքներն իրականացրած 5 անձանց և, վերջիններիս լքելով Կիրովսկ քաղաքում, հեռացել է:
Քրեական գործի նախաքննության ընթացքում 11 անձ ճանաչվել է տուժող։
2016 թվականի ապրիլի 14-ին քննիչը որոշում է կայացրել՝ Մ.Ավետիսյանին քրգործում ներգրավել որպես մեղադրյալ:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։