23/05/2016 18:29
Նալբանդյան. ԵՄ հետ նոր համաձայնագիրը կարտացոլի հարաբերությունների նոր ուղեցույցները
Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր համապարփակ համաձայնագիրը հնարավորություն կտա ընդհանուր արժեքների և յուրաքանչյուրի որոշումների ու ընտրությունների հանդեպ հարգանքի հենքի վրա մեր հարաբերությունների նոր և ամուր իրավական հիմք ձևավորել, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը:
«Նախորդ դեկտեմբերին ես պատիվ ունեցա բարձր ներկայացուցիչ Մոգերինիի հետ միասին ազդարարելու Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Նոր համաձայնագիրը կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը և կուրվագծի փոխշահավետ, խորը համապարփակ փոխգործակցության նոր ուղեցույցները։ Արդեն անցկացվել է բանակցությունների երեք փուլ», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ 2015 թվականը առանձնահատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար:
«2015թ. ինտենսիվ և կառուցողական երկխոսության տարի էր, որի ընթացքում տեղի ունեցան մեծ թվով երկկողմ հանդիպումներ և բարձրաստիճան այցեր։ Նախագահ Տուսկը և հանձնակատար Հանը 2015թ. այցելեցին Հայաստան, իսկ վերջերս Երևանում էր բարձր ներկայացուցիչ Մոգերինին», - հիշեցրել է ՀՀ արտգործնախարարը:
Ըստ նրա՝ Եվրոպական հարևանության քաղաքականությունը էական դեր է խաղացել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության առաջմղման և խորացման հարցում:
«Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերած շարունակական աջակցությունը և օգնությունը, որն առանցքային է եղել Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ և կայուն իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար», - ամփոփել է նախարարը: