24/05/2016 15:59
Բունդեսթագի փոխնախագահը Հայոց ցեղասպանության մասին. «Պետք է ավելացնեմ նաև Գերմանիայի պատասխանատվության հարցը»
Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Հյուրերը ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Այնուհետև տիկին Բուլմահնն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և ծանոթացել հայ ժողովրդի ողբերգությունը փաստող վավերագրերին:
«Տպավորված եմ թանգարան կատարած իմ այցից և ցավում եմ այն բոլոր տառապանքների համար, որ կրել է հայ ժողովուրդն այդ տարիներին», - ասել է Էդելգարդ Բուլմահնը:
Նա ընդգծել է՝ գերմանական խորհրդարանը փորձում է իր պաշտոնական վերաբերմունքն արտահայտել կատարված իրադարձությունների վերաբերյալ:
«Ես՝ որպես Բունդեսթագի ներկայացուցիչ, պետք է ավելացնեմ նաև Գերմանիայի պատասխանատվության հարցը. մեր խորհրդարանը ջանում է իր պաշտոնական վերաբերմունքն արտահայտել կատարված իրադարձությունների վերաբերյալ և այդպես կանխարգելել նույնատիպ հանցագործությունների կրկնությունը», - ասել է Բունդեսթագի փոխնախագահը: