24/05/2016 20:01
Վարչապետը նվերներ է հանձնել «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» ծրագրի հաղթողներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում անցկացված «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագրի մրցանակաբաշխությանը:
Կառավարության ղեկավարը պատվոգրեր է հանձնել լավագույն աշխատանքների համար 12 առաջին տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին և նոութբուքեր՝ աշակերտներին:
12 երկրորդ տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին պատվոգրեր և աշակերտներին պլանշետներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, իսկ 12 երրորդ տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին պատվոգրեր և աշակերտներին թվային հեռախոսներ է հանձնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Ծրագրի շրջանակում աշխատանքներ ներկայացրած մյուս դպրոցների տնօրեններն ու աշակերտները ևս արժանացել են պատվոգրերի և խրախուսական մրցանակների:
«Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագիրն իրականացրել են «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, մասնակցել են Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 110 դպրոց-կենտրոնների և իրենց տարածքների դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտները: Ծրագրի նպատակն է՝ աջակցել դպրոցականներին ծանոթանալ և մանրամասն տեղեկատվություն ստանալ ինժեներական մասնագիտությունների վերաբերյալ: