24/05/2016 14:14
Հայկական կուսակցությունների երկրորդ ֆորումը համատեղ հայտարարություն է ընդունել
Ստեփանակերտում մայիսի 21-22-ը անցկացված Հայկական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցները համատեղ հայտարարություն են ընդունել, կարևորելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների քաղաքական համակարգերի հետագա զարգացումը և ժողովրդավարական արժեքների հետևողական ներդնումը:
Հայտարարության հեղինակները դատապարտել են Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ահաբեկչական գործողութուններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի, ինչպես նաև պետական մակարդակով իրականացվող հայատյացության ու անհանդուրժողականության քաղաքականությունը:
Հայտարարությունում ընդգծվում է, որ կուսակցությունները քաղաքացիների քաղաքական, իրավական, սոցիալական, հումանիտար, տնտեսական և այլ շահերի ամենաարդյունավետ արտահայտողներն են:
«Հավաստում ենք, որ կուսակցությունները Հայաստանի և Արցախի ներքին և արտաքին մարտահրավերներին լիարժեք դիմակայելու նպատակով լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն իրենց ինտելեկտուալ, կազմակերպչական, կառուցվածքային և այլ կարողություններն ու հնարավորություններն ընդլայնելու համար: Կարևորում ենք քաղաքական համերաշխության և հասարակական համախմբվածության կենսական նշանակությունը ազգային անվտանգությանը վերաբերող հիմնախնդիրների, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա լուծման նպատակով», - ասված է հայտարարությունում:
«Ամրագրում ենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ և ԼՂՀ համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների ընդգրկուն համագործակցությունն անհրաժեշտություն է: Առաջնահերթություն ենք համարում նման համագործակցությունն ակտիվորեն օգտագործելը մեզ հասանելի բոլոր միջազգային հարթակներում : Վերահաստատում ենք նման ձևաչափով քննարկումների կարևորությունը, և պատրաստակամությունը դրանք դարձնել պարբերական և մշտապես կազմակերպել Արցախի Հանրապետությունում՝ ներառելով կուսակցական կառույցների հնարավորինս լայն շրջանակ` կանանց կազմակերպություններ, երիտասարդական թևեր, փորձագետներ», - ասված է համատեղ հայտարարությունում: