25/05/2016 11:06
ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը. Ստեփանակերտը պատրաստ է ընդունել միջազգային փաստահավաք առաքելություն
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մոնիթորինգի հատուկ առաքելություն բոլոր փաստերը տեղում ուսումնասիրելու եւ Ադրբեջանի կողմից 2016թ ապրիլի 2-5-ը սանձազերծված ագրեսիայի հանգամանքները, ինչպես նաեւ նույն ժամանակահատվածում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու նպատակով: Այս մասին ասված է ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:
ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը ՄԱԿ անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ տարիներ ի վեր Ադրբեջանը պաշտոնական բոլոր մակարդակներով աղավաղում է հակամարտության եւ բանակցային գործընթացի շուրջ իրականությունը՝ Ստեփանակերտին մեղադրելով միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների եւ այլ ծանր հանցագործությունների մեջ:
Որպես օրինակ, ԱԳՆ նշում է, որ դեռեւս պատերազմի ակտիվ փուլում՝ 1992թ Բաքուն մեղադրում էր Ստեփանակերտին քիմիական զենք կիրառելու համար, սակայն ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությանը, որը ժամանել էր կոնֆլիկտի շրջան, որեւէ նման փաստ չէր ներկայացվել Բաքվի իշխանությունների կողմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, մայիսի 10-ին Երեւանում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Քառօրյա պատերազմին հետեւած զարգացումները ներկայացրել էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ սանձազերծված աննախադեպ ռազմական ագրեսիան, որը սկսվել էր ս.թ. ապրիլի 2-ին, ավարտվել էր չորս օր անց, ապրիլի 5-ին՝ Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերի հանդիպմանը ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների արդյունքում:
Ապրիլի 5-ի ժամը 12:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունները կողմերի միջեւ համաձայնությամբ դադարեցվել էին, սակայն ԼՂՀ ՊՆ գրեթե ամեն օր հայտարարում է Ադրբեջանի կողմից խախտումների մասին:
Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության շուրջ բանակցությունները 1992թ. մարտից ի վեր անցկացվել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ջանքերով, որը 1990-ականների կեսերից սկսեցին համանախագահել Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան։
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը 1993թ ապրիլ-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միաձայն ընդունել է չորս բանաձեւեր, որոնք կոչ են անում հաստատել “արդյունավետ եւ մշտական” հրադադարի ռեժիմ եւ “անհապաղ իրականացնել հրատապ եւ փոխադարձ միջոցառումներ” այդ ուղղությամբ: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը դրական են արձագանքել ընդունված բոլոր բանաձեւերին (822, 853, 874, 884), մինչդեռ Ադրբեջանը որեւէ կերպ չի արձագանքել ընդունված վերջին՝ 884 բանաձեւին եւ տարիներ շարունակ աղավաղել է այդ փաստաթղթերի կարեւորագույն պահանջները:
ԵԱՀԽ/ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան ներկայացուցիչ Վլադիմիր Կազմիրովի օժանդակությամբ՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ 1994թ. մայիսի 12-ին ստորագրվեց հրադադարի եռակողմ պայմանագիրը, ապա նույն թվականի հուլիսին եւ 1995թ փետրվարին ստորագրվեցին հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ եռակողմ պայմանագրերը, որոնք որոշակի խախտումներով եւ լարվածության բռնկումներով պահպանվել են մինչեւ 2016թ. ապրիլի 1-ի գիշերը, երբ Ադրբեջանի զինված ուժերը սկեցին հարձակվողական լայնածավալ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի հյուսիսային եւ հարավային ուղղություններով։
Վերջին երկու տարիների ընթացքում, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ 80-ից ավելի ԱՄՆ կոնգրեսականներ (Ռոյս-Էնգել նախագիծը) առաջարկել են հստակ միջոցներ ձեռնարկել եւ իրավիճակը հանդարտեցնելու նպատակով սահմանի երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրող սարքավորումներ:
Ի տարբերություն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը բազմիցս մերժել է այս առաջարկները: