30/05/2016 19:25
Սվիտալսկի. ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանում դատաիրավական բարեփոխմանն ուղղված ծրագրերին աջակցելու հարցում
Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանում դատաիրավական բարեփոխմանն ուղղված ծրագրերին աջակցելու հարցում, ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտում 25 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները» թեմայով համաժողովին, տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Եվրամիությունը շահագրգռված է դատաիրավական բարեփոխմանն ուղղված ծրագրերին աջակցելու հարցում: Կենտրոնական և Արևմտյան եվրոպական երկրների փորձը ցույց է տալիս, որ առանց արդյունավետ արդարադատության համակարգի անհնար է գնալ դեպի ավելի ազատական համակարգեր, որոնք հինված են ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և մարդու իրավունքներ», - ասել է դեսպանը:
Նշվում է, որ Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպված համաժողովի նպատակը արդարադատության ոլորտում անցած 25 տարիների ընթացքում իրականացրած բարեփոխումներն արձանագրելը, ոլորտին առնչվող առկա խնդիրների վերհանելն ու ապագայի քայլերը նախանշելն էր:
Համաժողովին ներկա են եղել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, հասարակական կազմակերպությունների ղեկավարները և այլոք:
Նախարարի խոսքով՝ Հայաստանը երկար ճանապարհ է անցել 25 տարիների ընթացքում արդարադատության ոլորտում՝ արդարադատության մատչելիությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ճանաչումն ապահովելու համար:
«Այս գործընթացը դեռ ունի մարտահրավերներ և բացթողումներ: Դրանց որոշ մասն իրենց լուծումները կգտնեն նախքան բարեփոխումների ընթացիկ փուլի ավարտը՝ 2016թ-ի վերջին, մյուսներին կանդրադառնանք բարեփոխումների նոր փուլում», - ասել է Արփինե Հովհաննիսյանը: