30/05/2016 16:58
Ավարտվել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի սկզբին մեկնարկած փոսային նորոգման աշխատանքներն արդեն ավարտված են: Առաջիկա տասը օրերի ընթացքում՝ շինարարական մրցույթների ամփոփումից հետո, կմեկնարկեն նաև 2016 թ. ծրագրով նախատեսված ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները:
Պետական բյուջեի միջոցներով այս տարի նախատեսվում է հիմնանորոգել միջպետական նշանակության 24.3 կմ, հանրապետական նշանակության՝ 2.1 և մարզային՝ 20 կմ ճանապարհ: Հիմնանորոգումներ կիրականացվեն նաև «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակներում:
Ինչպես հաղորդում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը, հանրապետության մարզերի ճանապարհները սպասարկող 39 ճանապարհաշինական ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ իրականացվել է մոտ 190000 քմ փոսային նորոգում, որից 130 000 քմ-ը միջպետական նշանակության ավտոճանապարհներին, մնացածը՝ հանրապետական։
Ծավալուն աշխատանքներ են կատարվել հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի Սիսիանի զանգեր-Գորիսի սահման հատվածում: Այս ճանապարհի սպասարկումն իրականացնում է «Սիսիանի բուատ» ՍՊ ընկերությունը, որի աշխատակիցների ջանքերով կարճ ժամանակում այստեղ մոտ 41000 քմ փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվել:
Առաջացած փոսերի ծավալը մեծ է եղել նաև Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհին: Այստեղ ճանապարհի բարեկարգման աշխատանքներն իրականացրել են երկու ճանապարաշինական ընկերություններ. 10,5-34,2կմ հատվածը սպասարկում է «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը, իսկ 34,2-42 կմ հատվածը՝ «Հաղարծին» ՓԲԸ-ն: Ընդհանուր առմամբ կատարվել է 7000 քմ փոսային նորոգում:
Միջպետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքներին զուգահեռ ընթացել են նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհների բարեկարգման աշխատանքները: 1889 կմ ընդհանուր երկարությամբ այս ճանապարհներին կատարվել է մոտ 70000 քմ փոսային նորոգում: Առավել մեծ են եղել աշխատանքի ծավալները Աբովյանի, Հրազդանի և Եղեգնաձորի տարածաշրջաններում:
Հանրապետության մի շարք ճանապարհներ, որտեղ նորոգման աշխատանքներ չեն իրականացվել, ընդգրկված են 2016 հիմնանորոգման ծրագրերում։