31/05/2016 20:21
Ջեմ Օզդեմիր. Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը
Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ, թուրքական ծագումով գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը մեկնաբանություններ է արել այս շաբաթ Բունդեսթագում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վերաբերյալ:
Ինչպես փոխանցում է ermenihaber.am-ը՝ Օզդեմիրը կարծիք է հայտնել, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանական կուսակցությունները կհաստատեն իրենց կողմից համատեղ մշակված օրինագիծը:
Անդրադառնալով նաև պատմական փաստերի ուսումնասիրման նպատակով հատուկ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Էրդողանի առաջարկին՝ Օզդեմիրն այն անիմաստ է համարել: «Էրդողանը պատմաբանների համատեղ հանձնաժողով է պահանջում: Թուրքիան համատեղ հանձնաժողվի վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունների շրջանակներում կարևոր արդյունքի էր հասել: Բայց, ցավոք, Էրդողանը թույլ չտվեց, որ այդ արձանագրությունները կյանքի կոչվեն, չնայած դրանցում Դավութօղլուի ստորագրությունն էր դրված», - հիշեցրել է քաղաքական գործիչը:
Դիմելով Անկարային՝ Օզդեմիրը շեշտել է, որ Թուրքիան պետք է հստակեցնի, թե հայկական հարցի շրջանակներում կոկրետ ինչ է ուզում: Ըստ գործչի՝ Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելն ու հետո դրանցից հրաժարվելը Թուրքիայի կողմից ճիշտ քայլ չէր, և Թուրքիայի արտաքին քաղաքականությունն այս հարցում զիգզագաձև է:
Վերջում «Կանաչների» համանախագահը հավելել է, որ իր մայրը հայկական հարցի վերաբերյալ որպես օրինակ՝ միշտ բերել է Քյութահիայի կառավարչի պատմությունը, ով ընդդիմացել էր հայերի տեղահանությանը:
Օզդեմիրը բոլորին կոչ է արել ընդունել տեղի ունեցածը: Նա նաև նշել է, որ ուրիշներին գիտակցաբար վնաս տալը հարիր չէ այն իսլամին, որն իրեն իր մայրն է սովորեցրել: