06/06/2016 15:13
«Սպորտլանդիա» խանութը մոլորեցնում է սպառողին անբարեխիղճ գովազդով. Ահազանգ
Aysor.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնի «Սպորտլանդիա» խանութն անբարեխիղճ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում և իրականությանն անհամապատասխան գովազդով մոլորեցնում է սպառողին:
Քաղաքացու նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ և անփոփոխ:
«Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ հայ սպառողը հազարավոր խանութներում ամեն օր կարդում է՝ «գնված ապրանքը հետ չի ընդունվում» ապօրինի հայտարարությունը: Գաղտնիք չէ նաև, որ հայ սպառողի անտեղյակությունից օգտվելով՝ տնտեսվարողները ամեն երեկո ժպիտը դեմքներին հաշվում են իրենց՝ սպառողին լկտիաբար խաբելու հետևանքով առաջացած շահույթները, բայց այն, ինչին ականատես եղա՝ դուրս է բոլոր սահմաններից:
Դեռևս, ս/թ մայիս ամսին, «բախտ վիճակվեց» ինձ հարմար կոշիկ գտնել նորաբաց «Մետրոնոմ» առևտրային կենտրոնի «Սպորտլանդիա» խանութում, սակայն այդ կոշիկի համար վճարել նշված գինը՝ 19900 դրամ, ես համարեցի ոչ նպատակային ու հենց այդ պահին աշխատողն ինձ տեղեկացրեց, որ ինձ կտրամադրեն բոնուսային քարտ, որի վրա մայիսի 25-ից սկսած կհաоտնվի իմ այս գնումից կուտակված 10000 դրամը, ինչը ես կարող եմ սպառել, մինչև հունիսի 5-ը:
Ուրախ-ուրախ մոտեցանք դրամարկղին, լրացրինք թերթիկը, որի վրա կար՝ անուն/ազգանվան, ծննդյան ամսաթվի ու հեռախոսահամարի մասին տվյալներ լրացնելու սյունակներ: Լրացրեցինք, քարտը ստացանք և որոշեցինք սպասել մինչև մայիսի 25-ը և գնել մեր ուզած ապրանքը, բայց ինչպես ասում են՝ անվճար պանիրը միայն թակարդում է:
Նշեմ, որ թերթիկը լրացնելուց ոչ մի բանի տակ չենք ստորագրել և ոչ մի կերպ չենք համաձայնվել իրենց կողմից՝ մեզ չտեղեկացրած պայմաններին:
Հունիսի 2-3-ին թերթիկում նշված հեռախոսահամարին ստանում ենք կարճ հաղորդագրություն, որում ասվում է, որ մենք, մինչև հունիսի 5-ը պետք է սպառենք մեր կուտակած բոնուսները: Ընդ որում, ռադիոյով ամեն օր հնչող նույն ակցիայի մասին գովազդը նույնպես ոչ մի ինֆորմացիա չի տալիս ակցիայի ծուղակի մասին:
Մտնում ենք խանութ, ընտրում մեզ հարմար 2 կտոր հագուստ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10000 դրամ, ինչքան որ կա մեր բոնուսային քարտի վրա, ու մոտենում ենք դրամարկղին, և մեզանից առաջ կանգնած հաճախորդի վրդովված խոսակցությունից հասկանում ենք, որ նույնը մեզ է սպասվում:
Ինչ է ստացվում, հաճախորդին, արդեն դրամարկղի մոտ տեղեկացնում են, որ բոնուս քարտի գումարից ամեն գնումից կարող ես սպառել տվյալ գնումի առավելագույնը 30%-ի չափով, արդյունքում 10000 դրամ բոնուսը ծախսելու համար, մենք գոնե մեկ շաբաթ, ամեն օր, պետք է գնումներ կատարեինք «Սպորտլանդիայից» և ևս 33000 դրամի չափով գումար ծախսեինք, որ մեր բոնուսը սպառեինք:
Ու էսպես, ամեն օր լկտիաբար ստելով, աջ ու ձախ տարածելով անբարեխիղճ գովազդը՝ «Սպորտլանդիա» կոչվող ծուղակը օր օրի զարգանում ու բարգավաճում է:
Հուսամ՝ պատկան մարմինները կարդալով այս ամենը, որոշակի գործողություններ կձեռնարկեն նշված տնտեսվարողի հետագա ապօրինի գործողությունները կանխելու համար, ինչպես նաև տեղեկատվությունը կօգնի, որ ծուղակն ընկած սպառողները բոյկոտեն ու անտարբեր չմնան նման ապօրինություններին»: