28/06/2016 13:17
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Սիրիայում 25 երեխայի մահվան մասին
Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգի արևելքում գտնվող գյուղի վրա ավիահարվածների հետևանքով կարող է զոհված լինել մոտ 25 երեխա: «ТАСС»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:
Նրա խոսքով՝ այդպիսի տեղեկատվության է տիրապետում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնում է, որ Սիրիայի գործընկերներից տեղեկություն է ստացել, համաձայն որի, Դեյր էզ Զորի արևելյան Ալ-Քուրիա գյուղի վրա ավիահարվածների հետևանքով երեկ սպանվել է 25 երեխա: Ինչպես հաղորդվում է, 3 հարված հասցվել է մարդաշատ շրջաններին, այդ թվում՝ աղոթքի ժամանակ մզկիթին»,- ասել է Ֆարհան Հակը: