30/06/2016 20:29
Ես տեղափոխվում եմ «Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանի նամակը՝ Տուխելին
Գերմանական լրատվամիջոցները շարունակում են քննարկել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը և պահվածքը։
«Bild»-ը գրում է, որ Մխիթարյանը 100% հեռանալու է Դորտմունդից․ այն, ինչ նախկինում ենթադրում էին, հիմա արդեն փաստ է։ Մինչև վերջերս «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն և սպորտային տնօրեն Միխայել Ցորկն աշխատել են համաձայնություն ձեռք բերել կիսապաշտպանի հետ՝ նրան առաջարկելով ավելի բարձր աշխատավարձով 4 տարվա պայմանագիր, սակայն բանակցությունները չեն ստացվել։
27-ամյա ֆուտբոլիստն արդեն հանձնել է Դորտմունդի իր բնակարանը։
Պարբերականը վստահեցնում է, որ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն արդեն կայացած է՝ չնայած կողմերը դեռևս պաշտոնապես չեն հաստատել այդ տեղեկատվությունը։
«Bild»-ի հաղորդմամբ, «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայ ֆուտբոլիստից SMS հաղորդագրություն է ստացել․ «Ես տեղափոխվում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի ազգային հավաքականի ավագի տրանսֆերի համար վճարելու է 42 մլն եվրո, ինչը «Բորուսիայի» համար ռեկորդային գումար է։