01/07/2016 11:36
Շարմազանով. Հայկական Առաքելական Եկեղեցին բացառիկ դեր ունի հայապահպանության հարցում
Հայկական Սուրբ Առաքելական Եկեղեցին բացառիկ դերակատարություն ունի հայ ժողովրդի, այդ թվում Ֆրանսիայի հայ համայնքում հայապահպանության, հոգևոր, մշակութային և քրիստոնեական արժեքների պահպանման և տարածման գործում, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ընդունելով Ֆրանսիայում Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանին, տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից:
«Անհրաժեշտ է սփյուռքահայ երիտասարդության շրջանում սերմանել հայրենասիրական և քրիստոնեական արժեքներ. այս գործում անչափ կարև որ է Հայ առաքելական եկեղեցու դերը», - նշել է ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովը հյուրից հետաքրքրվել է Ֆրանսիայի հայ համայնքի խնդիրներով, Եկեղեցու կողմից հայապահպանությանն ուղղված քայլերով, Ֆրանսիայում հայկական դպրոցների առկայությամբ և աջակցության պատրաստակամություն հայտնել:
Զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի խորհրդարանում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծին:
Ֆրանսիայում Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել շուրջ 1 մլն հայ համայնքի ձեռքբերումներն ու խնդիրները, կարևորել հայ մշակույթի տարածումն ու օտարների համար այն ճանաչելի դարձնելը: