01/07/2016 11:01
ՀՀ ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմը քննարկել է ուսման նոր մեթոդները
Հունիսի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության շրջանակներում ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կրթության բնագավառի մասնագետների հերթական ամենամյա համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական և ուսումնամեթոդական կազմի ներկայացուցիչներ, տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից:
Համաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են պաշտպանական ու ռազմական կրթության և ուսուցման բնագավառում նոր մոտեցումներն ու մեթոդները, խառը ուսուցման ձևերը, ակտիվ և վերափոխումային ուսուցման և դասընթացի նախագծման մեթոդները, անհատական մոտեցման ռազմավարությունը, դասավանդման մեթոդիկան:
Համաժողովի արդյունքների ամփոփման նպատակով միջազգային փորձագետներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են համաժողովի հիմնական արդյունքները, կարծիքներ են փոխանակվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:
Դավիթ Տոնոյանն իր խոսքում նշել է, որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են ընձեռում Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին ծանոթանալ ուսուցման գործընթացում կիրառվող արդի մեթոդներին ու մոտեցումներին` միաժամանակ սեփական փորձը կիսելով արտերկրի իրենց պաշտոնակիցների հետ:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի դասախոսական և ուսումնամեթոդական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի փորձագետները: