01/07/2016 09:49
Ցածր աշխատավարձերը «հարվածում են» կրթության որակին. «Առավոտ»
«Առավոտ»-ի հետ զրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը փաստել է, որ բուհերում և դպրոցներում աշխատավարձերը ցածր են, ինչը բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա:
«Համալսարաններն ու դպրոցները իրենց ոչ հատուկ՝ սոցիալական գործառույթ են իրականացնում, ինչը ուղղակիորեն հարվածում է կրթության որակին: Չունենք դպրոց, որտեղ մեկ դրույթով ուսուցիչ աշխատի, և դրույքը կիսվում է երեք-չորս հոգու միջև, համալսարաններում էլ մեկ դրույքով աշխատող դասախոսներ համարյա չկան, ու դու մարդկանց չես կարող փողոց «նետել», որովհետև աշխատանքից դուրս թողնելուց առաջ մարդուն պետք է ապահովես վերաորակավորմամբ ու գոնե տանելի որևէ աշխատանքով: Եթե այդ հնարավորությունը չկա, կրթական համակարգը ստիպված է իր վրա վերցնել շատ մեծ սոցիալական պատասխանատվություն: Այս ամենի պատճառով քանակն ազդում է կրթական որակի վրա՝ իջեցնում է աշխատավարձերը, հնարավորություն չի տալիս կրթության խորությամբ ուսումնասիրություն, բուհի դասախոսն էլ փոխանակ գիտությամբ զբաղվելու՝ մի քանի տեղ «մնխում» է իր ուժերը, որպեսզի ժամերի քանակի մեջ կարողանա գոնե աշխատավարձի ինչ-որ մասսա ունենալ», - փաստել է նախարարը:
Նա հավելել է, որ այս ամենը սերտորեն կապված է մեր երկրի տնտեսական վիճակի հետ, և ինչքան աշխատաշուկան բացվի, այնքան բուհերը հնարավորություն կունենան բեռնաթափվել սոցիալական բեռից: