26/07/2016 14:12
«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը անընդունելի է. Ստեփան Դեմիրճյան
«Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումը անընդունելի է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
«Նման կերպ քաղաքական հարցեր լուծելը անընդունելի է, սակայն որպեսզի բացառվեն նման ծայրահեղ դրսևորումները երկրում պետք է գործի ընտրությունների ինստիտուտը, իշխանությունը պետք է ձևավորվի համաձայն Սահմանադրության: Կյանքի պետք է կոչվի Սահմանադրության երկրորդ անփոփոխ հոդվածը, համաձայն որի՝ ժողովրդի իշխանությունը իրականացվում է ազատ ընտրությունների միջոցով», - հայտարարեց Ս.Դեմիրճյանը:
Նրա խոսքով, նման իրավիճակ չէր լինի, եթե Հայաստանում «պահպանվեին ժողովրդավարական ավանդույթները»:
«Իսկ ի՞նչ ավանդույթներ են ձևավորվել մեզ մոտ՝ ընտրությունները կեղծելով, իշխանությունը բռնազավթելով: ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը դրա հետևանքն է: Պետք է վերջ դրվի ամենաթողությանը, անպատժելիությանը: Կոնկրետ հիմա պետք է պատասխանատվության ենթարկվեն բռնություններ իրականացրած ոստիկանները և դա չպետք է կրի ձևական բնույթ», - ասաց ՀԱԿ պատգամավորը:
Ս.Դեմիրճյանի խոսքով՝ այժմ ամենակարևորն այն է, որ պետք է ամեն ինչ արվի՝ խնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար:
«Ամեն ինչ պետք է արվի նոր զոհեր չունենալու և արյունահեղություն թույլ չտալու համար: Բանակցությունները պետք է շարունակվեն», - ընդգծեց Aysor.am-ի զրուցակիցը: