27/07/2016 19:36
Բժիշկ Սալվադոր Խեչոյանը հաստատել է, որ իրենք գնդի տարածքում որպես պատանդ են պահվում (Տեսանյութ)
ՊՊԾ գնդում գտնվող բժիշկ Սալվադոր Խեչոյանը «Ժամը» լրատվականի լրագրողի հետ զրույցում հաստատել է, որ իրենք գնդի տարածքում որպես պատանդ են պահվում:
Նա ասել է, որ վիրավորներից մեկը հոսպիտալացման կարիք ունի և նշել, որ իրենց մոտ եղած դեղորայքով չեն կարող լիարժեք բուժել տարածքում պահվող վիրավորներին:
Հարցին, թե հնարավոր է գնդի տարածքում վիրավորների բուժումը, Սալվադոր Խեչոյանը պատասխանել է` ոչ:
Հարցին, թե զինված խմբին բացատրել են, որ պատանդ վերցնելն արգելված է միջազգային բոլոր կոնվեցիաներով, պատասխանել է՝ այո:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների:
«Իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել», - հայտնել է ոստիկանությունը:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ հայտնել է, որ «Սասնա ծռերի» անդամները բժիշկներին «պատանդ չեն վերցրել, այլ նրանց պահում են գնդի տարածքում բժշկական օգնությունն ապահովելու համար»: