27/07/2016 13:35
Ամենալուրջ պատերազմական գործողությունների ժամանակ անգամ բժիշկների աշխատանքին խոչընդոտող չի եղել. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը զինված խմբի կողմից բժիշկների պատանդառումը համարում է անթույլատրելի:
«Զինված խմբի կողմից սա սխալ գործելաոճ է: Բժիշկների հետ կատարված դեպքն անբացատրելի է: Մարդիկ, ովքեր հայտարարում էին, որ իրենց պատանդ պետք չի և բոլոր պատանդներին ազատ էին արձակում, հիմա նման քայլին դիմելը, չգիտեմ, ինչով են պայմանավորել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ ամենալուրջ պատերազմական գործողությունների ժամանակ անգամ բժիշկների աշխատանքին խոչընդոտող չի եղել:
«Առավել ևս, պատանդ վերցնել: Տեղի ունեցածն անթույլատրելի է, որը պետք է արագ հանգուցալուծվի», - ասաց Վարդան Հարությունյանը:
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, իսկ բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին:
Մասնավորապես, պատանդ են վերցվել բժիշկներ Նորայր Թևանյանն ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանը, բուժքույր Մալինա Մարգարյանը: