29/07/2016 12:03
Էլէներգիայի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար կառավարությունը բարձրացրեց անապահով ընտանիքների սոցիալական նպաստի չափը
ՀՀ կառավարությունն անապահով ընտանիքների համար 2016 թվականի օգոստոսի 1-ից կփոխհատուցի 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար նախատեսվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1000 դրամի չափով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ դրանով հնարավորինս կհատուցվի շուրջ 112 հազար 300 ընտանիքի էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված լրացուցիչ ծախսերը:
«Նախորդ տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել էր 6,93 դրամով, ՀՀ կառավարությունը և «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը քննարկել ու պայմանավորվել էին այդ ավելացումը փոխհատուցել երկուստեք:
Էլեկտրաէնեգիայի սակագինն այս տարվա օգոստոսի 1-ից նվազել է 2.61 դրամով, փաստորեն, սակագինը թանկանում է 4,35 դրամով: Հարցը քննարկել ենք նաև Հանրապետության նախագահի հետ և կառավարությունը նպաստառուների այս ծախսը վերցնում է իր վրա»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այդ նպատակով պետբյուջեից այս տարի կհատկացվի 567 մլն դրամ, իսկ 2017թ-ին՝ 1 մլրդ 157 մլն դրամ: