30/07/2016 23:27
Քրեակատարողական հիմնարկում պայմանների հարցում առկա է էական բարելավում. օմբուդսմեն
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես նաև ծանոթացել նրանց պահման պայմաններին: Այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով Պաշտպանի տեղակալը և աշխատակազմի բժիշկը:
Մեր կողմից այս գործերով իրականացվող մշտադիտարկման և այսօրվա այցի արդյունքները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկում նշված անձանց պահման պայմանների հարցում առկա է էական բարելավում. նրանք տեղափոխվել են ավելի լուսավոր, նոր վերաներոգված հիվանդասենյակներ, որոնք կահավորված են անհրաժեշտ բժշկական ֆունկցիոնալ մահճակալներով, սառնարաններով, բազկաթոռներով, աթոռներով, կողապահարաններով ու հովացուցիչներով կահավորված հիվանդասենյակներ: Արձանագրվել է, որ ապահովված է հանձնուքներ ստանալու իրավունքը, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, տրամադրված են անհրաժեշտ հիգիենայի և անկողնային պարագաներ:
Առանձնազրույցների ընթացքում Ա.Մանուկյանը, Հ.Հովհաննիսյանը և Ա.Պետրոսյանը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի և վարչակազմի՝ իրենց նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել:
Պաշտպանի դիտարկումներն այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ: