23/08/2016 10:24
Միջադեպ՝ «Անելիք» բանկի 32-ամյա իրավաբան սպանության գործով դատական նիստի ժամանակ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ «Անելիք» բանկի 32-ամյա իրավաբան Հովհաննես Աթայանի սպանության գործով դատական նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։
«Հայկական ժամանակի» տեղեկացմամբ՝ դատարանի դահլիճում գտնվող սպանվածի աներորդի Հայկ Պետրոսյանը, ով ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ է, դատական նիստի ժամանակ հարձակվել է գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանի վրա ու ծեծել նրան։ Ծեծի հետևանքով վնասվել է մեղադրյալի աչքը։ Սույն գործը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը։
Սպանության դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2015-ի նոյեմբերի 24-ին՝ Վարդանանց փողոցում։ Գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015-ի նոյեմբերի 24-ին Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ իր հետ նախապես վերցրած հրազենից մեկ կրակոց է արձակել «Անելիք բանկ» ՓԲԸ իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ Հովհաննես Աթայանի աջ թիկունքային շրջանին, որի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։