25/08/2016 15:04
Եթե սահմանում դուք հզոր չլինեք, Երևանում մենք թույլ կլինենք. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին մեկնել է Տավուշի մարզի հենակետային դիրքեր, ծանոթացել տեխնիկական վերջին ձեռքբերումներին, հրամանատարական անձնակազմի հետ քննարկել մի շարք կարևոր հարցեր:
Է.Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը այցելել է Պառավաքար, Նորաշեն և Չորաթան համայնքներ:
Պառավաքար համայնքում կայացած հանդիպման ժամանակ գյուղացիները ներկայացրել են մի շարք խնդիրներ, այդ թվում` խմելու ջրի և խաղողի բերքահավաքին ու հանձնմանն առնչվող հարցեր:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ խաղողի հանձնման խնդիր չկա, քանի որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնյակի գործարանի հետ, և գյուղացիները հնարավորություն կունենան հանձնելու խաղողի բերքը:
«Հավատացնում եմ, որ բոլորիս ուշադրության կենտրոնում են ձեր խնդիրները, քանի որ Հայաստանը սկսվում է սահմանից: Եթե ձեր խնդիրները լուծված չլինեն, և դուք հզոր չլինեք, Երևանում մենք թույլ կլինենք: Այդ պատճառով էլ ԱԺ նախագահի հանձնարարականով եկել ենք, որ ականջալուր լինենք», - ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: