30/08/2016 13:17
Հայարփի Սարգսյանն ու Արա Ղարագյոզյանը «վարքագծի կանոններից դուրս են համարում» փաստաբան Արայիկ Պապիկյանի քայլերը
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբաններ Հայարփի Սարգսյանն ու Արա Ղարագյոզյանը վարքագծի կանոններից դուրս են համարում փաստաբան Արայիկ Պապիկյանի քայլերը:
«Արայիկ Պապիկյանը ժամեր շարունակ Հովհաննես Հարությունյանի ու Աշոտ Պետրոսյանի մոտ զրպարտել է ինձ, ասել է, որ ես իշխանության կողմից են ֆինանսավորվում», - լրագրողների հետ զրույցում ասաց Հայարփի Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այդ դեպքից հետո Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է Արայիկ Պապիկյանի պաշտպանությունից:
«Բայց Հովհաննեսը տեսել է իմ պաշտպանությունը, նա ասել է` նույն բանը կարող եմ մտածել քո մասին ու հրաժարվել է Արայիկ Պապիկյանից: Նա, փաստաբան լինելով, շատ լավ հասկանում է, որ վարքագծի կանոններից դուրս է, երբ զրպարտում է ինձ ու Արա Ղարագյոզյանին ու մեր պաշտպանյալի ներկայությամբ բողոքում է մեզնից», - նշեց փաստաբանը:
«Բացի Հովհաննեսից, ես նաև Աշոտ Պետրոսյանի պաշտպանն էի, նրան նույնպես Արայիկ Պապիկյանն ասել էր, թե իշխանություններն են ինձ ֆինանսավորում ու հորդորել էր հրաժարվել ինձնից, ինչին Աշոտ Պետրոյսանը համաձայնել է», - ասաց Հայարփի Սարգսյանը:
Արա Ղարագյոզյանի խոսքով՝ Արայիկ Պապիկյանը նույն բանը փորձել է անել նաև Արայիկ Խանդոյանի մոտ:
Նշենք, որ Հայարփի Սարգսյանն ու Արա Ղարագյոզյանը ՀՀ փաստաբանների պալատ Արայիկ Պապիկյանի դեմ երկու բողոք են ներկայացրել:
Aysor.am-ին Փաստաբանների պալատից հայտնել էին, որ ներկայացված բողոքները քննարկվում են:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը, հիշեցնենք, Aysor.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ տեղյակ չէ, թե ինչու են գործընկերներն իր դեմ բողոք ներկայացրել Փաստաբանների պալատ: