21/09/2016 14:29
Երևանում ռազմական տեխնիկայի ցուցադրումից հետո Բաքուն փորձում է հանգստացնել իր հասարակությանը
Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված զինտեխնիկան ավելի շատ զսպող նշանակություն ունի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տարածաշրջանային ռազմաքաղաքականության հարցերով մեկնաբան Տարոն Հովհաննիսյանը:
«Բոլորս էլ հասկանում ենք, որ նման նշանակության տեխնիկաների կիրառումը հանդիսանում է այն զսպող մեխանիզմը, որը հնարավորինս թույլ չի տա, որպեսզի ինչ-որ լայնածավալ գործողություններ ծավալվեն», - նշեց Տ.Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է ձեռք բերում և այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը հիմնական շեշտը դնում է ձեռքբերած տեխնիկայի հնարավորության վրա:
«Փորձում են արցախյան հակամարտության ռազմական լուծման տարբերակը շոշափել իրենց ձեռք բերած տեխնիկայի վրա հենվելով, բայց, իրականում, մեր այս վերջին ձեռքբերումը մեծ նշանակություն ունի այն առումով, որ, ամեն դեպքում, ուժերի հավասարակշռությունը պահպանվում է դրանց շնորհիվ ու Ադրբեջանին թույլ չի տա ռազմական ճանապարհով քայլերի գնալ», - նշեց Տարոն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի արձագանքներին՝ մեկնաբանը նշեց, որ դեռևս սեպտեմբերի 16-ի փորձերի ժամանակ էին արձագանքներ եղել:
«Արձագանքները կարող ենք ըստ նշանակության և տեսակետի դիտարկել: Եղան իշխանամետ ու որոշակի ընդդիմադիր արձագանքեր: Իշխանամետ արձագանքները, բնականաբար, այն թեզն էին առաջ տանում, որ դրանք ՀՀ զինված ուժերինը չեն, ռուսական բազաներինն են: Իրականում սրանով նրանք փորձել են հանգստացնել հասարակությանը, քանի որ նրանք ներքին հասարակությանը անընդհատ համոզում են, որ ռազմական առումով իրենք գերակշիռ դիրքում են և բալանսը իրենց կողմն է», - ասաց Տարոն Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ ադրբեջանական իշխանամետ կողմին ձեռք չի տալիս, որ Հայաստանը ունի նման զինտեխնիկա, որոնցից, մասնավորապես, «Իսկանդերները» Ադրբեջանի համակարգերի համար շատ դժվար խնդիր կլինի որսալ, չեզոքացել:
«Բնականաբար, շատ անհարմար իրավիճակում են հայտնվում հասարակության առաջ ու պետք է ինչ-որ բաներ անեին, բայց նույն այդ ընդդիմադիրները այսպես էին ասում՝«մեզ մի խաբեք, բոլորս էլ տեսնում ենք, որ ՀՀ զինված ուժերում կան այդ զենքերը և ավելի լավ է մեզ ասեք, թե դրանք ինչպես են փոխում իրավիճակը, և մենք իմանանք՝ ինչ անել այդ իրավիճակում, ոչ թե հեքիաթներ պատմեք»», - ընդգծեց փորձագետը: